Կարևոր իրադարձություններ

Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար կգործեն նոր պահանջներ

18 Նոյեմբեր, 2021 10:49
Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար կգործեն նոր պահանջներ

Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը ներկայացրեց օրենքների նախագծերի փաթեթ, ըստ որի օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը կկարգավորվի

«Հանրապետության օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի պատճառով ոլորտում առաջացել են խնդիրներ»,-նշեց Սիմոնյանը: 

«Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ: Սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ, սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ՝ ոլորտի իրավախախտումների համար»,-ասաց Սիմոնյանը:

Այսպիսով, օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա կտրվի միայն այն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք կունենան մինչեւ 7 տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշան ունեցող ավտոմոբիլներ:

Լիցենզիաների սահմանափակ քանակ չի սահմանվելու:

 Սիմոնյանը նշեց նաև, որ  օրենքի նախագիծը մշակվել է, որ բացառվի այն վիճակը, երբ զբոսաշրջիկը գալիս է ՀՀ և դեպի կենտրոն ուղևորվելիս հասկանում է, որ այդ ծառայությունն արժե շատ ավելի թանկ, քան եվրոպական ամենաթանկ երկրներում:

Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 58 կողմ ձայն:

 

Լրահոս

Դիտել ավելին