Կարևոր իրադարձություններ

Թյուրքական պետությունները հասկացան, որ չեն կարող խոչընդոտել «Հյուսիս-Հարավ»-ի գործարկմանը, քանի որ «Մեղրիի միջանցք» երևույթ չի լինելու. «Հայաստանի Հանրապետություն»

17 Նոյեմբեր, 2021 09:25
Թյուրքական պետությունները հասկացան, որ չեն կարող խոչընդոտել «Հյուսիս-Հարավ»-ի գործարկմանը, քանի որ «Մեղրիի միջանցք» երևույթ չի լինելու. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Անդրկովկասում հաղորդակցությունների բացման հարցը դարձել է աշխարհաքաղաքական գործընթացների խաղասեղանի կարեւոր խաղաքարտերից մեկը, եւ դա լիովին օրինաչափ է, քանի որ աշխարհում գերարագ զարգացող տնտեսական համակարգերը եւ բնակչության պահանջարկների ծավալները օրախնդիր են դարձնում նոր տրանսպորտատնտեսական հաղորդակցության ուղիների բացումը: Դրանցից խոշորագույնը Հնդկաստանի եւ Իրանի նախաձեռնած Հնդկական օվկիանոսի երկրները Եվրոպային միացնող «Հյուսիս-Հարավ» ճանապարհն է, որն անցնելու է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղով:

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանաթուրքական զույգի ճանապարհային միկրոճակատամարտը Իրանի հետ շատ հարցեր հստակեցրեց: Թյուրքական պետությունները հասկացան, որ չեն կարող խոչընդոտել այդ ուղու գործարկմանը, քանի որ «Մեղրիի միջանցք» երեւույթ չի լինելու: Մյուս կողմից էլ Իրանի վճռականությունը վերջիններիս վերջնականապես բերեց այն համոզման, որ Թեհրանին պատերազմով պատասխանելու ոչ ժամանակն է եւ ոչ էլ նրանք այդ հնարավորությունն ունեն: Այս դեպքում գործի դրվեց թյուրքական դիվանագիտության բոլոր ժամանակների հզոր գործիքը՝ Իրանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու կեղծավորի վարքը:

Այդ մարտավարությունն իր ամբողջ հմայքով դրսեւորվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի՝ Թեհրան կատարած այցի, մասնավորապես՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Չավուշօղլուն մի արտակարգ ժեստ արեց Իրանի համար կարեւորագույն խնդրի ուղղությամբ: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Թուրքիան դեմ է ցանկացած միակողմանի պատժամիջոցների, այդ թվում՝ հակաիրանական, եւ ԱՄՆ-ն պետք է վերացնի Թեհրանի նկատմամբ նման սահմանափակումները, բայց եւ շեշտեց, որ իրանական միջուկային ծրագիրը խիստ կարեւոր է նաեւ Անկարայի համար։

Բնականաբար, թյուրքական պետության արտաքին գերատեսչության ղեկավարի մյուս թիրախը տարածաշրջանային հաղորդակցությունների հարցն էր: Ըստ էության՝ նա ժամանել էր Թեհրան, որպեսզի փարատի վերջինիս՝ տարածաշրջանային գործընթացներից դուրս մնալու մտավախությունները: Չավուշօղլուն հայտարարել է, որ «3+3» ձեւաչափի շրջանակներում ցանկանում են սերտ համագործակցել Իրանի հետ։ Իրանի 4 հազար տարվա անընդմեջ պետականության պայմաններում ձեւավորված դիվանագիտական դպրոցը, անշուշտ, լիարժեք տիրապետում է թյուրքական դիվանագիտության նրբերանգներին եւ իր առաջնահերթությունների պահպանության հարցում զգոնությունը չի թուլացնի, բայց համագործակցության՝ թեկուզ ժամանակավոր եւ առեւերույթ իրատեսական առաջարկը չի մերժի:

Հատկանշական է, որ Իրան-Թուրքիա ԱԳ նախարարների հանդիպման համապատկերին Ադրբեջանից շրջանառության մեջ դրվեց մեկ այլ հայտարարություն, ըստ որի այդ երկրի իշխանությունները մտադիր են Իրանին կապող նոր ավտոճանապարհ կառուցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ ճանապարհը կառուցվելու է «Արաքսի հովիտ» տնտեսական գոտուց մինչեւ Իրանի սահման ընկած հատվածում։ Ակնհայտ է, որ Բաքվի այս նախաձեռնությունը «Հյուսիս-Հարավ» հաղորդակցման ուղուց դուրս չմնալու նպատակ է հետապնդում: Ադրբեջանն ունի Իրանի հետ կապող գործող ճանապարհ, որը, սակայն, Մեղրիի սահմաններից հարյուրավոր կիլոմետրեր հեռու է, եւ հիմա նոր ենթակառուցվածք է նախատեսվում, որը մոտ կլինի «Հյուսիս-Հարավին»:

Վերեւում շարադրված գործընթացները փաստում են, որ թյուրքական պետությունները գոնե այս փուլում համակերպվում են տնտեսական-տրանսպորտային այդ ուղու գործարկման անխուսափելիության եւ այն Հայաստանով անցկացնելու իրողության հետ, եւ մի կողմից փորձում են թուլացնել Իրանի հետ ունեցած վերջին շրջանի լարված հարաբերությունները, մյուս կողմից՝ ուժեղացնել «Հյուսիս-Հարավ» հաղորդակցային մեծ ուղուն հասանելիություն ապահովող ենթակառուցվածքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին