Կարևոր իրադարձություններ

Ինչի՞ համար է Սուրեն Պապիկյանը «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվել. «Հրապարակ»

17 Նոյեմբեր, 2021 08:50
Ինչի՞ համար է Սուրեն Պապիկյանը «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանի կենսագրությունից տեղեկացանք, որ նա 2016 թվականին պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով։ Ըստ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգեւատրվում են.

1. Բանակաշինության, ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները եւ ենթասպաները։ 

2. Ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները։

3. Հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները։

Սրանք են այն չափորոշիչները, որոնցից գոնե մեկի առկայության դեպքում անձը կարող է պարգեւատրվել «Գարեգին նժդեհ» մեդալով։

Ինչպես նշվում է, այս մեդալով պարգեւատրվում են սպաներն ու ենթասպաները, որոնք մարտական պատրաստության ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում են ունեցել։ Բանն այն է, որ Սուրեն Պապիկյանը ո՛չ ենթասպա է, ո՛չ էլ, առավել եւս՝ սպա, հետեւաբար, այս կետը նրան չէր կարող վերաբերել։

2-րդ կետը վերաբերում է ժամկետային զինծառայության ընթացքում խիզախություն ցուցաբերելուն, հայրենիքի սահմանները պաշտպանելուն եւ զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելուն, սակայն Սուրեն Պապիկյանը մեդալն ստացել է 2016 թվականին, իսկ ժամկետային զինվորական ծառայություն է անցել դրանից մոտավորապես 10 տարի առաջ, եւ այդ ծառայությունն էլ անամպ չի անցել․ նա դանակահարել է իր հրամանատարին, ինչի համար դատապարտվել է 1 տարի ազատազրկման, ապա՝ 2007 թվականին, համաներմամբ ազատ արձակվել։

3-րդ կետն էլ վերաբերում է հայկական բանակի կայացման գործում մեծ ներդրում ունենալուն, մինչդեռ պարզ է, որ Սուրեն Պապիկյանը չէր կարող մեծ ներդրում ունենալ հայկական բանակի կայացման գործում, քանի որ ծառայել է ռուսական զորամասում, իսկ զորացրվելուց հետո էլ հայկական բանակում զինծառայություն չի անցել։

Հարց է առաջանում․ ո՞ր արժանիքի համար է Պապիկյանը 2016 թվականին պարգեւատրվել այս բարձր պարգեւով։ Ի դեպ, Պապիկյանը 2012-16 թվականներին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում է ուսանել, այսինքն՝ այդ ժամանակահատվածում Հայաստանում չի գտնվել, որպեսզի բանակաշինության գործում զգալի ավանդ ունենար։ Նրա պաշտոնական կենսագրության մեջ նշված չէ, թե ինչ հանգամանքներում է ստացել մեդալը, բաց աղբյուրներում եւս որեւէ տեղեկություն չկա, թե կոնկրետ ինչ արարքի համար է Պապիկյանը պարգեւատրվել։

Պաշտպանության նախարարությունից փորձեցինք ճշտել, սակայն ինչ-որ ժամանակից սկսած՝ ՊՆ լրատվականն այլեւս գոյություն չունի, ուստի մեր զանգերին էլ պատասխանող չեղավ:

Մեր աղբյուրները հայտնեցին, որ Պապիկյանն այդ մեդալը ստացել է ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցության համար, ավելի ճիշտ` ոչ թե պատերազմին, այլ հետպատերազմական փուլին:

Բանն այն է, որ «ՔՊ ջոկատը», որի կազմում՝ նաեւ Սուրեն Պապիկյանը, 2016 թվականի մայիսի 14-ին գործուղվել է Պաշտպանության բանակ: Արցախում պատերազմն ավարտվելուց 40 օր անց, Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայրում նրանք ինժեներական աշխատանքներ են կատարել, այսինքն՝ խրամատ են փորել: Ի դեպ, Ճանկաթաղն էլ սահմանագծից հեռու է 36 կմ։ Այս մասին մի առիթով խոսել է նաեւ այդ օրերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Ապրիլյան պատերազմի ընթացքում, դրանից հետո շատ կամավորական ջոկատներ մեկնել ու աջակցել են բանակին, որովհետեւ անհրաժեշտ է եղել արագ լրացնել բնագծերը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանմանը, ապրիլյան պատերազմին կոնկրետ մարտական գործողությունների չեն մասնակցել, մասնակցել են ինժեներական ապահովման աշխատանքներին։ Դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից։ Ինժեներական աշխատանքների համար բանակի հրամանատարությունը գնահատել է, իմ կողմից պատվոգիր է տրվել»,- ասել է Սեյրան Օհանյանը։ Մեզ ասացին, որ Պապիկյանի «Գարեգին Նժդեհ» մեդալը հենց խրամատ փորելու կամ ինժեներական աշխատանքներին մասնակցելու համար է տրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին