Կարևոր իրադարձություններ

Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դիմել ՀԱՊԿ-ին

16 Նոյեմբեր, 2021 17:55
Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դիմել ՀԱՊԿ-ին

Պայմանավորված սահմանային լարվածության սրմամբ, Հայաստանի  անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքներով, ակտիվանում են ՀԱՊԿ-ին դիմելու մասին քննարկումները:

Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ և անդամակցությունը կազմակերպությանը համարվում է Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներից մեկը։

Պայմանագրում հստակ ամրագրված է, թե որ դեպքում է հնարավոր դիմել կազմակեպությանը օգնության համար: Դրա 2-րդ հոդվածի համաձայն՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

Իսկ 4-րդ հոդվածը սահմանում է. «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

 

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ եթե իրավիճակը չհանդարտվի և հայկական կողմը օգնության դիմի, ՀԱՊԿ անդամ-երկրները  պետք է ձեռնարկեն սահմանված միջոցներ:

 

Լրահոս

Դիտել ավելին