Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն առաջարկում է հայ համայնքներում նշանակել սփյուռքի գործերի հանձնակատարներ

16 Նոյեմբեր, 2021 11:23
Կառավարությունն առաջարկում է հայ համայնքներում նշանակել սփյուռքի գործերի հանձնակատարներ

Ազգային ժողովի ամբիոնից Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, առ այն, որ ընդլայնվեն սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունը՝ ստեղծելով սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ։

«Ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաև աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը»,-հարցի քննարկման ժամանակ ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա նշեց, որ սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվելու են հասարակական հիմունքներով՝ խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ․

«Նրանք Հայաստան-սփյուռք գործակցության վերոհիշյալ ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին։ Հանձնակատարները պետք է տեղերում իրագործեն ՀՀ-ի և սփյուռքի հանձնակատարի քաղաքականությունը»,- ասաց Սինանյանը։

Ինստիտուտի ներդրման նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց՝ 62 կողմ ձայներով։

Հիշեցնենք, որ ըննդիմությունը չէր մասնակցում նիստին։

 

Լրահոս

Դիտել ավելին