Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի նպատակը միջանցք ասվածի պատրվակով Սյունիքին տիրանալն է. «Հայաստանի Հանրապետություն»

16 Նոյեմբեր, 2021 09:35
Թուրքիայի նպատակը միջանցք ասվածի պատրվակով Սյունիքին տիրանալն է. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Ադրբեջանն օգտագործվում է Թուրքիայի կողմից՝ որպես միջոց պանթուրքիստական ծրագրերն իրականացնելու եւ համապատասխանաբար՝ Հայաստանին ճնշելու համար։ Այդ մոտեցումները բացահայտ կերպով դրսեւորվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, երբ անցած տարի Բաքվում շքերթին ասաց, թե «հիմա Էնվեր փաշայի հոգին փառավորվեց», ինչպես նաեւ իսլամի բանակի մասին խոսելով։ Այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ օրեր առաջ պատմության ինստիտուտում կայացած «Հայաստան-Թուրքիա. հայացք ներսից» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ։

Թուրքիայի կողմից մեզ ներկայացված երեք նախապայմանին ներկայումս ավելացել է չորրորդը՝ այսպես ասած «Զանգեզուրի միջանցքը»։ Սաֆրաստյանը ցույց տվեց Թուրքիայի պաշտոնական հեռուստաընկերության (TRT) միջազգային հաղորդումների կայքից վերցրած 3-4 ամսվա վաղեմության մի լուսանկար, որտեղ «Զանգեզուրի միջանցք» ասվածը վերաբերում է ամբողջ Սյունիքին, այսինքն՝ Թուրքիայի նպատակը միջանցք ասվածի պատրվակով Սյունիքին տիրանալն է։ 

Անդրադառնալով Թուրքիայի ընկալումներով «հայ-թուրքական հարաբերություններ» ասվածին՝ ակադեմիկոսը նշեց, որ Հայաստանի համար երկու կարգավիճակ են ընդունելի համարում. առաջինը. երիտթուրքերի կնքած Բաթումի պայմանագիրն է, այսինքն՝ Հայաստանը փոքր տարածքով որպես վասալ պետություն, երկրորդը՝ Հայաստանի վերացումն է, որը Աթաթուրքի մոտեցումն է, եւ դա ձեւակերպված է գաղտնի փաստաթղթում։ «Մնացած բոլոր հայտարարությունները, որոնք գալիս են Թուրքիայից, մենք անվանում ենք թուրքական դիվանագիտություն, երբ խոսքերի եւ իրական նպատակների, գործերի միջեւ բացարձակ կապ չկա։ Մենք պետք է լավ հասկանանք այս իրողությունը եւ դրա վրա հիմնվելով իրականացնենք մեր քաղաքականությունը»,- ընդգծեց նա։ 

Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, պատմական անդրադարձ կատարելով մեկդարյա հայ-թուրքական հարաբերություններին, ներկայացրեց թուրքական կողմի իրական ծրագրերը Հայաստանի մասով եւ թե որքանով դրանք հեռու են խաղաղասիրական ու բարիդրացիական լինելուց։ Պատմաբանը հիշեց Նուրի փաշայի խոսքերը. «Մենք ստեղծել ենք մի պետություն, որը գտնվում է պարկի մեջ, իսկ այդ պարկի բերանը մեր ձեռքին է։ Ցանկացած ժամանակ մենք կարող ենք փակել պարկի բերանը, եւ Հայաստանը շնչահեղձ կլինի»։ Սա այն է, ինչն ամփոփում է թուրքական ծրագիրը եւ նպատակները հայկական պետականության մասով։

«Թուրքիան եւ Ադրբեջանն այսօր առաջարկում են Հայաստանին հաշտվել այսօր ստեղծված՝ մեզ համար տխուր աշխարհաքաղաքական իրողությունների հետ։ Ըստ եռակողմ հայտարարության՝ առնվազն երկու ճանապարհ պետք է տրամադրենք, որն իրենք կոչում են միջանցք»,- ասաց Մելքոնյանը՝ հիշեցնելով, որ անգամ խորհրդային տարիներին հայերի համար ապահով չէր անցնել Խորհրդային Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհներով։ Այսօր առավել եւս չկան անվտանգության երաշխիքներ։

Ա. Մելքոնյանն անդրադարձավ նաեւ թուրքական ժխտողականությանը, որն իր շարունակությունն ու ագրեսիվ դրսեւրումն է ստացել Ադրբեջանում։ Եվ եթե թուրքական հասարակության մեջ այսօր կան անհատներ, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանությունը, ապա Ադրբեջանում չենք գտնի անգամ մեկին, որը կխոսի այդ մասին՝ լինի պատմաբան կամ շարքային քաղաքացի։ Ադրբեջանն ամեն կերպ առաջ է տանում մերժման գիծը։ Արցախի հարցում թիկունք կանգնելով Ադրբեջանին՝ Թուրքիան դրանով ցույց տվեց Հայաստանին, որ հանկարծ չհամարձակվենք մտածել Արեւմտյան Հայաստանի մասին։ Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում 1990-ականների սկզբին, երբ հայերը հող ազատագրեցին եւ երեք տասնամյակ շարունակ այդ մասին խոսում էին, երբեւէ թույլ չեն տա, որ տեղի ունենա Արեւմտյան Հայաստանի հարցում։ «Ադրբեջանի ձեռքով խլելով Արցախը՝ դրանով հասկացրին, որ մոռանանք Արեւմտյան Հայաստանի հողերի մասին։ Սրանք փոխկապակցված խնդիրներ են։ Հայաստանի հարցում Թուրքիայի քաղաքականությունը տարածքային հատուցման իմաստով իրականացվեց Արցախում՝ Ադրբեջանի ձեռքով»,- ասաց նա։

«Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական հասարակական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի համակարգող, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը նկատեց, որ վերջին հինգ հազար տարվա գրավոր վկայագրված պատմությունը հուշում է, որ խաղաղություն լինում է միայն այն դեպքում, երբ ուժերի հավասարակշռություն է լինում. երբ դա գոյություն չունի, խաղաղություն չի կարող լինել։ «Եթե Հայաստանը հզոր լիներ, մենք կունենայինք խաղաղություն, իսկ երբ թույլ է, մենք խաղաղություն չենք ունենալու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է դադարենք քաղաքական օբյեկտ լինելուց եւ դառնանք քաղաքական գործոն տարածաշրջանի համար։

Պատասխանելով «ՀՀ»-ի այն հարցին, թե որքանով ենք ճանաչում այսօրվա Թուրքիան եւ թուրքին, նշեց, որ, դժբախտաբար, որպես ժողովուրդ չենք ճանաչում ո՛չ ռուսներին, ո՛չ թուրքերին, ո՛չ իրանցիներին, ո՛չ էլ՝ միջազգային հարաբերությունների տրամաբանությունը։ «Վերջին 30 տարվա ընթացքում չկարողացանք ստեղծել ինստիտուտներ, որոնք այդ ամենը կուսումնասիրեն եւ կներկայացնեն ղեկավարներին։ Քաղաքական ղեկավարությունը պատրաստ չէր լսել մասնագիտական խոսքը։ Հիմա եթե մենք ուզում ենք Թուրքիայի հետ ունենալ հարաբերություններ, ապա պետք է հզորանանք, հզորանանք գիտությամբ, բանակով, տնտեսապես, դիվանագիտական հարթության մեջ, ազգային անվտանգության ծառայությամբ եւ, ընդհանրապես, բոլոր ուղղություններով ու մակարդակներով»,- նշեց Պետրոսյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին