Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    541
    555

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը

13 Նոյեմբեր, 2021 10:50
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նախարարը ներկայացրել է. այս օրերի ընթացքում ոլորտում գույքագրված խնդիրները,
Սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքները,
Դատավորների վեթինգ իրականացնելու երեք ուղղությունները,
Քրեակատարողական ոլորտի բարեփոխումների իր տեսլականը և այլն:
 
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Sputnik Արմենիային հետ զրույցում խոստովանել է` կողքից իրեն էլ ամեն ինչ հեշտ էր թվում։ Այսօր իրեն են քննադատում այնպես, ինչպես նախկինում ինքը` նախարարներին։ Նա պատմել է հիասթափությունների, սխալների և կիսատ մնացած գործերի մասին։
 
–Նոյեմբերի 10–ին լրացավ Ձեր պաշտոնավարման 100 օրը։ Հե՞շտ էր, թե՞ դժվար նախարար աշխատել` համեմատելով այդ աշխատանքը նախկինում այլ ոլորտներում կատարած Ձեր աշխատանքի հետ։
 
–Ինձ թվում էր` Մարդու իրավունքների պաշտպան աշխատելն է շատ ծանր, բայց հավատացեք` նախարար աշխատելը մի քանի անգամ ավելի ծանր է։ Այս առիթն օգտագործելով`ուզում եմ ասել, որ 100 օրը բարդություններով ու խնդիրներով է անցել։ Հիմա երևի Ձեզ հետ եմ ունենալու հնարավորություն հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ այս օրերին, ինչը հասկացա և ինչը մնաց որպես ծրագիր, երազանք իրականացնելու համար։ Իրականում տեղի էր ունենում գույքագրում։ 100 օրվա ընթացքում ավելի շատ փորձում էի հասկանալ, թե ինչ է պետք անել, որտեղ են խնդիրները, ինչ են կամեցել անել իմ թիմակիցները, ովքեր նախարարությունում եղել են ինձանից առաջ, բայց ինչ–ինչ պատճառներով դրանք չեն ստացվել։ Իրենց հետ փորձում էինք գտնել նոր լուծումներ չստացված խնդիրներին։ Կողքից ամեն ինչ շատ հեշտ է թվում, ինձ էլ է հեշտ թվացել, նույնիսկ երբ պետական պաշտոն եմ զբաղեցրել որպես օմբուդսման։
 
Վերջերս օմբուդսմանը հայտարարություն արեց դատապարտյալների հիվանդանոցի ծանր վիճակի, վատ պայմանների մասին, և ես հիշեցի, որ այդ հայտարարությունը նման էր իմ նախկին հայտարարություններին, երբ ես խրոխտ ձևով քննադատում էի նախկին նախարարներին խնդիրների համար։ Երբ օմբուդսմանն արեց այդ հայտարարությունը, մտածեցի ու հասկացա, թե ինչ են զգացել նախարարները, որոնց ես եմ քննադատել, որովհետև կան կուտակված խնդիրներ, և դու իրապես փորձում ես շատ բաներ անել լավ կամ ավելի լավացնես, բայց ո՛չ ռեսուրսը, ո՛չ ժամանակը չի հերիքում։ Այդ իմաստով շատ ավելի ծանր է այս պատասխանատվությունը, քան այն, ինչ ունեցել եմ նախկինում։
 
–Կուտակված խնդիրներից մի քանիսը կնշե՞ք, բացի ՔԿՀ–ների խնդրից։
 
–ՔԿՀ-ներում շատ մեծ խնդիրեր կան, ես միայն նշեցի դատապարտյալների հիվանդանոցի մասին։ Ունենք ՔԿՀ–ներ, որտեղ նույնիսկ աշխատողներին այնտեղ գտնվելու համար ես ինձ վատ եմ զգում որպես արդեն նախարար, էլ չեմ խոսում հենց կալանավորների կամ դատապարտյալների մասին։ Մենք ունենք նաև Դատական ակտերի հարկադիր ծառայություն, որտեղ խնդիրները նույնպես բազմաթիվ են։ Լավ բաներ էլ շատ են արվել, բայց մենք ճանապարհի կեսին ենք, և դեռ խնդիրներ կան։ Օրինակ` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում արել ենք մեծ բարեփոխումներ, բայց դա դեռ սկիզբն է, այնտեղ պետք է կրճատումներ լինեն ՏԻՄ հաստիքներից և որոշակի բաներ պետք է տեղափոխվեն նախարարության հաստիքներից։
Ստեղծվել է ծառայություն, երբ մարդիկ շփվում են առաջին պատուհանի հետ, այլ ոչ թե մարդկանց հետ, որոնք որոշումներ են կայացնում։ Լավ փոփոխություններ են եղել կոռուպցիան նվազեցնելու համար, բայց դրանք բոլորը ճանապարհին են։ Եթե բարեփոխումը սկսվել է, բայց չի ավարտվել, ուրեմն խնդիր կա հակակոռուպցիոն ոլորտում, հակակոռուպցիոն կոմիտեն նոր է ձևավորվում, ամեն օր մենք այդ աշխատանքների մեջ ենք։
 
Հակակոռուպցիոն դատարանները դեռ չեն ձևավորվել, շենք–շինություններից սկսած մինչև դատարանների կազմը համալրելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։ Աջակցում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, նոր կառույց է` երիտասարդ, արդեն լավ ձեռքբերումներ ունեն, բայց այնտեղ էլ կան հսկայական խնդիրներ։
 
Թվայնացման մեծ աշխատանքներ ունենք անելու, ամբողջ դատաիրավական համակարգը պետք է դառնա թվային, որ մեր քաղաքացիները կարողանան օնյալն մտնել ցանկացած պետական մարմին, որ պետության հետ շփումը ոչ թե դառնա տառապանք, այլ հանգիստ իրադարձություն ։ Ես թվարկեցի մեր աշխատանքների ու պրոբլեմների ընդամենը 20-25 տոկոսը։ Իսկապես շատ մեծ ոլորտ է, մարդիկ ամեն օր սպասում են արդարություն արդարադատության նախարարությունից և կառավարության մյուս օղակներից, բայց այդ ամբողջը միանգամից տալը իսկապես ծանր է։ 100 օրվա ընթացքում նոր եմ հասկանում, թե ինչ ծանր բեռ է դրված բոլոր գերատեսչությունների վրա, այդ թվում արդարադատության նախարարության։
–Ասում են, որ պետական համակարգը նոր մարդկանց դժվարությամբ է ընդունում, Դուք ունեցե՞լ եք նման զգացողություն։
 
–Ճիշտն ասած` կա այդպիսի բան։ Իմ կյանքի մեծ մասն անցկացրել եմ մասնավոր հատվածում, բիզնեսում և փորձում եմ իհարկե բիզնեսի տրամաբանությունը մի քիչ բերել պետական կառավարման ոլորտ։ Բիզնեսում ամեն ինչ ավելի օպերատիվ է, արագ, ամեն ինչ ավելի ռացիոնալ է, ավելի խնայող է, որովհետև մասնավոր գումար է, մասնավոր ծախս է։ Ուղղակի պետական համակարգը նաև պաշտպանվելու կարիք ունի։ Դա որևէ իշխանության խնդիրը չէ, ինքնին բյուրոկրատիան ստեղծված է նրա համար, որ գործընթացներով դու այդ մեծ համակարգը պաշտպանես ցանկացած սխալ անհատական միջամտությունից։ Եթե ես ուզում եմ մի լավ բան անել, միևնույն է, պիտի անցնեմ բավական երկար բյուրոկրատական ճանապարհներով և դրանք դրված են օրենքների հիմքում։
 
Ամբողջական զրույցը՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Դիտել ավելին