Կարևոր իրադարձություններ

Կարգելվի վայրի կենդանիների ցուցադրումը կրկեսներում․ ԱԺ

12 Նոյեմբեր, 2021 15:53
Կարգելվի վայրի կենդանիների ցուցադրումը կրկեսներում․ ԱԺ

Նոյեմբերի 12-ի ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Վայրի կենդանատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել եւս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Գործադիրն առաջարկում է օրենսդրորեն արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներով կկիրառվի պատասխանատվություն, իսկ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունով կամրագրվի կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի գանձման հիմքը: Սիրողական նպատակներով կենսաթոշակային տարիքի մարդկանց կտրվի անվճար ձկնորսությամբ զբաղվելու արտոնություն:

«Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող լրացումներով պետական տուրք է սահմանվելու վայրի կենդանիների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշներ արտահանելու եւ ներմուծելու թույլտվություններ տրամադրելու համար: Պետական տուրք է սահմանվելու նաեւ անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար:

Նախագծերի փաթեթն արժանացել է պատգամավորների հավանությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին