Կարևոր իրադարձություններ

Դատավորների վեթինգը կարող է իրականացվել երեք եղանակով. երկուսը հիմա, մեկը՝ սահմանադրական բարեփոխումներից հետո

11 Նոյեմբեր, 2021 14:33
Դատավորների վեթինգը կարող է իրականացվել երեք եղանակով. երկուսը հիմա, մեկը՝ սահմանադրական բարեփոխումներից հետո

Մի քանի տարի տևած մասնագիտական բանավեճի հարցում վերջապես հստակություն մտցնելու և հանրությանը սպառիչ պատասխան տալու համար, թե ներկայիս Սահմանադրության պարագայում որքանով և ինչպես է հնարավոր իրականացնել դատական համակարգի զտում, Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր համաժողով՝ մի քանի տասնյակ իրավաբան-գիտնականների, քաղհասարակության ներկայացուցիչների, հանրային և քաղաքական գործիչների, փաստաբանների, պետական պաշտոնյաների և այլ  շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

          Ամփոփելով համաժողովի քննարկումները՝ Արդարադատության նախարարության մասնագետները հանգել են հետևյալ եզրակացության.

      Դատավորների վեթինգը կարելի է իրականացնել երեք եղանակով՝

  1. այդ նպատակով հատուկ ձևավորված նոր մարմնի կողմից, որի համար օրենքով կսահմանվեն դատավորների վեթինգի իրականացման կարգը, չափանիշները, փուլերը, ինչպես նաև այդ մարմնի կազմը, իրավասությունները, որոշումների կայացման կարգը, բողոքարկման մեխանիզմներն ու հիմքերը:
  2. օրենքով սահմանված խախտումների հիմքերով կարգապահական վարույթներ հարուցելով և դատավորներին պատասխանատվության ենթարկելով:
  3. կարգապահական վարույթներ հարուցելու համար օրենքով նոր չափորոշիչներ սահմանելով:

2-րդ եղանակն արդեն գործողության մեջ է: Երեք միմյանցից անկախ կառույցներ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններով դիմում են Բարձրագույն դատական խորհրդին, որի արդյունքում մի շարք դատավորներ արդեն իսկ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, իսկ որոշների լիազորությունները՝ դադարեցվել են:

3-րդ եղանակով վեթինգի իրականացումը ենթադրում է գործող Սահմանադրության շրջանակներում սահմանել նոր չափորոշիչներ, այդ թվում՝ բոլոր այն դատավորների նկատմամբ, որոնց կայացրած որոշումների դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվել են գործեր, նաև քրեական հեղինակության ներկայացուցիչների հետ կապեր ունեցող և քաղաքական շարժառիթներով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ, ինչպես նաև զարգացնել և կատարելագործել բարեվարքության ստուգման ինստիտուտն ու գործիքակազմը: Այս տեսակետից հարկ ենք համարում ընդգծել, որ անհրաժեշտ են որոշ օրենսդրական հստակեցումներ և եղած օրենսդրության կիրառման նոր փորձարկումներ, որոնց ուղղությամբ Արդարադատության նախարարությունը սկսել է ինտենսիվ աշխատանքներ:

Առավել մանրամասն ԱՅՍՏԵՂ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին