Կարևոր իրադարձություններ

Գիշերը Քանաքեռում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան նաև վիրավորներ, որոնց ինքնությունն արդեն հայտնի է

11 Նոյեմբեր, 2021 12:57
Գիշերը Քանաքեռում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան նաև վիրավորներ, որոնց ինքնությունն արդեն հայտնի է

Այս գիշեր Քանաքեռում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ոչ միայն 4 անձ է սպանվել, այլ կան նաև վիրավորումներ ստացած անձինք: Նախնական տեղեկությունների համաձայն, նրանք 4-ն են:

Այս մասին հայտնի է դառնում ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրությունից:

Տեղելատվության համաձայն, Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է ընդունվել 19-ամյա երիտասարդ՝  «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, նույն օրը՝ ժամը 05:50-ին, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ բուժօգնության են ընդունվել 61-ամյա տղամարդ՝ «Հեմոռագիկ շոկ, հրազենային վնասվածքով», 27-ամյա երիտասարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 37-ամյա տղամարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 38-ամյա տղամարդ՝ «Կրծքավանդակի որովայնի շրջանում հրազենային վնասվածք», ինչպես նաև դեռևս տվյալների պարզաբանման փուլում գտնվող ևս մեկ տղամարդ՝ «Ձախ նախաբազկի միջաձիգ հրազենային վիրավորում վնասվածք» ախտորոշումներով:

Վերոնշյալ 61 և 38-ամյա տղամարդիկ, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել են:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 4 անձի սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Տան բակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ևս երկու՝ 43 և 37-ամյա տղամարդկանց դի, ինչպես նաև՝ 28 հատ տարբեր տրամաչափի պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ և 2 ինքնաձիգ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի նախաքննության իրականացումը հանձնարարվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից կազմված քննչական խմբին:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, տունը պատկանել է ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանին, ով նույն ինքը՝ Քանաքեռցի Արտյուշն է, իսկ սպանվածներից Արթուր Ղազարյանը նույն ինքը՝ քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույ»-ն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել էր տեսանյութ՝ Քանաքեռում այս գիշեր տեղի ունեցած 4 անձի սպանության դեպքի վայրից:

 

Լրահոս

Դիտել ավելին