Կարևոր իրադարձություններ

Առանց դիմակի ուղևորներն իջեցվել են. ՔՏՀԱ տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել Երևանում և Արարատի մարզում

10 Նոյեմբեր, 2021 18:05
Առանց դիմակի ուղևորներն իջեցվել են. ՔՏՀԱ տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել Երևանում և Արարատի մարզում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով նոյեմբերի 10-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների և Արարատի մարզի հանրային տրանսպորտը։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Մասնավորապես, Երևանում ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 45 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է գերբեռնված երթևեկության 2 դեպք․ 4 խախտում վերաբերել է տաքսամոտորային փոխադրման ժամանակ վարորդի և ուղևորի կողմից դիմակ չկրելուն։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Արարատի մարզում, մասնավորապես՝ Արտաշատի երթակարգավարական կետում կատարվել է 21 դիտարկում։ Դիտարկումների արդյունքում առանց դիմակի 3 ուղևոր իջեցվել է տրանսպորտային միջոցներից, նրանց նկատմամբ ևս կազմվել են արձանագրություններ։ 

Հայտնաբերված մեկ այլ խախտման դեպքում տրանսպորտային միջոցներից մեկում ախտահանիչ հեղուկը եղել է ոչ պատշաճ տեղում։ Խախտումը տեղում վերացվել է, մնացած բոլոր փոխադրամիջոցներում հակահամաճարակային նորմերի և կանոնների խախտումներ չեն հայտնաբերվել։ 

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին