Կարևոր իրադարձություններ

Ձեռք կբերվի բելառուսական նոր տեխնիկա ԱԻ ծառայությունների համար

10 Նոյեմբեր, 2021 17:48
Ձեռք կբերվի բելառուսական նոր տեխնիկա ԱԻ ծառայությունների համար

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ համագործակցության նոր ուղղություններ քննարկելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Ողջունելով հյուրին՝ ԱԻ նախարարը նշել է, որ տարեսկզբին կայացած առաջին հանդիպման արդյունքները համագործակցության առումով դրական են և փոխգործակցության նոր ձևաչափերի համար՝ լավ մեկնարկ: Փիլոյանը նշել է, որ այս փուլում խոսքը գնում է բելառուսական արտադրության հրշեջ մեքենա, փրկարարական տեխնիկա ձեռք բերելու մասին:

Դեսպան Ալեքսանդր Կոնյուկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն օպերատիվությամբ կազմակերպել անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը՝ պահանջվող տեխնիկայի ձեռքբերումը հնարավորին սեղմ ժամկետներում ապահովելու համար:

Նախարարությունը հիշեցնում է, որ Հայաստանի և Բելառուսի հանրապետությունների արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև համագործակցությունն իրականացվում է 2011թ.-ին Մինսկում կնքված «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի և դրա շրջանակում ստեղծված Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում հայ-բելառուսական միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների իրականացման կանոնակարգի շրջանակներում:

Անցած տարիներին համագործակցության շրջանակներում իրականացվել են բազմաթիվ պաշտոնական փոխայցեր, տեխնիկական համագործակցություն, փոխանակման և կրթական ծրագրեր, մասնավորապես՝ միջուկային և ճառագայթային անվտանգության, աղետների դիմակայության թեմաներով:

 

Լրահոս

Դիտել ավելին