Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    544
    556

  • RUB

    6,36
    6,6

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնելու է Արցախում կրթության իրավունքի հարցը

10 Նոյեմբեր, 2021 13:02
ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնելու է Արցախում կրթության իրավունքի հարցը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 10-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է Կրթության վերաբերյալ բարձրաստիճան գլոբալ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են համաշխարհային կրթության հիմնախնդիրները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման օրակարգում ներառված են հարցեր կրթության մեջ ներդրումների, գլոբալ կրթության համագործակցության մեխանիզմների, COVID-19 համավարակի ազդեցությունը Կայուն զարգացման նպատակ 4-ի (Որակյալ կրթություն) վրա և այդ առնչությամբ հանձնառությունների մշտադիտարկման, ինչպես նաև կրթության ֆինանսավորման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է ընդունել «Փարիզյան հռչակագիրը», որտեղ կշեշտադրվի կրթության ոլորտում ներդրումներ կատարելու հանձնառության վերականգնումը և դեպի Կայուն զարգացման նպատակ 4-ի առաջընթացի խթանումը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 41-րդ նստաշրջանին որպես ՀՀ ներկայացուցիչ մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Հանդիպմանը հեռավար ելույթով հանդես է գալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Իր ելույթում նախարարը կարևորելու է կրթությունը՝ որպես կայուն զարգացման բոլոր նպատակների իրագործման հզոր գործիք, և անդրադառնալու է COVID-19 համավարակով ստեղծված ճգնաժամի պայմաններում կայուն նպատակների իրագործմանն ուղղված Հայաստանի քայլերին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրելու է նաև Արցախի Հանրապետության դեմ անցյալ տարի սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդրի վրա և այդ պայմաններում  կրթության իրավունքի իրացման հարցին:

Լրահոս

Դիտել ավելին