Կարևոր իրադարձություններ

Շուշիից արձակված կրակոցները Ռուսաստանի ուղղությամբ էին. «Հայաստանի Հանրապետություն»

10 Նոյեմբեր, 2021 09:35
Շուշիից արձակված կրակոցները Ռուսաստանի ուղղությամբ էին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Նախորեին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարեւանությամբ ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված կրակոցներն առաջին հերթին այնտեղ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի հերթական փուլի ավարտը տոնող Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի պատասխանն էին Ռուսաստանին:

Դեպքից ընդամենը երեք օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն տարածել էր Սերգեյ Լավրովի ուղերձը, որում ասվում էր, թե եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է միանշանակ հերքել սոցիալական ցանցերում տեղեկատվական լցոնումներն այն մասին, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են, իբր, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելուն եւ Հայաստանը պրոտեկտորատի վերածելուն։  Դրանով Մոսկվան դիվանագիտական լեզվով ասել էր, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում չէ, Սյունիքի հարավով միջանցք չի լինելու, եւ դրանք ուղիղ պատասխաններ էին Ադրբեջանին ու Թուրքիային, քանի որ հակառակի մասին ոչ թե սոցցանցերում է ասվում, այլ հենց Իլհամ Ալիեւի շուրթերով:

Այդ հայտարարությունից երեք օր հետո Շուշիի մոտ արցախցի խաղաղ աշխատավորներին գնդակահարելը, այն դեպքում, երբ այնտեղ էին Իլհամ Ալիեւը եւ 44-օրյա պատերազմի ելքն ապահոված Թուրքիայի ներկայացուցիչ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, չէր կարող պատահականություն լինել: Մյուս կողմից էլ` կրակոցները հնչեցին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի հաջորդ օրը, որի ժամանակ նա մասնավորապես ասել էր. «Հրադադարի ռեժիմի դեպքերի խախտումները, Արցախում մեր զինվորների զոհվելու փաստերը նոյեմբերի 9-ից հետո նաեւ մեզ հանգեցնում են այն մտահոգության, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ»: Շուշիից կրակոցներով Ալիեւը ցինիկաբար հաստատեց ՀՀ վարչապետի հնչեցրած դատողությունը, հետեւաբար՝ տրամաբանական հարց է ծագում, թե նման վարքագիծ որդեգրած թյուրքական պետությունների հետ ինչպե՞ս է հնարավոր լինելու խաղաղ համակեցությունը, ավելին` հաղորդակցության ուղիների բացումը…

Բոլոր դեպքերում, այդ միջադեպն ավելորդ անգամ աշխարհին ի ցույց դրեց Ադրբեջանի իրական դեմքը, նրա առաջնորդի խոսքի եւ գործի հակադրությունը: Մյուս կողմից էլ միջադեպը հիշեցրեց դեռ խորհրդային տարիներին արձանագրված մի քանի նման դեպքեր, որոնք կատարվել էին բարբարոսական ծիսակարգի շրջանակներում, երբ տոների ժամանակ մարդկանց էին զոհաբերում:

Արցախի բնակիչները գնդակահարվել են այն դեպքում, երբ նախօրոք ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցիների բանակցությունների արդյունքում թույլտվություն էին ստացել շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ ինչպես նախորդ նման միջադեպերի ժամանակ, այնպես էլ այս դեպքում պաշտոնական Բաքուն որեւէ պարզաբանում, առավել եւս մեղավորներին պատժելու փաստեր չի ներկայացնի: Այն Արցախի պաշտպանության բանակին բոլոր անհրաժեշտ հիմքերը տալիս է Ադրբեջանին համարժեք եւ ոչ համարժեք պատասխան տալու իրավունք վերապահել, նաեւ՝ ադրբեջանական զինուժի կողմից ԱԹՍ-ներով հարվածելու դեպքում:

Այն ժամանակ, երբ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցի զինծառայողը գնդակահարում էր անզեն աշխատավորներին, Իլհամ Ալիեւը նույն Շուշիում, Թուրքիայի ՊՆ ղեկավարի ոգեւորող հայացքի ներքո, հայ ժողովրդին սպառնում էր «երկաթե բռունցքով»՝ իր խոսքում նրա մասին անընդհատ օգտագործելով «թշնամի» ձեւակերպումը: Այլ կերպ ասած՝ հայատյացությունը նույն ոգով պատերազմից հետո էլ շարունակում է քարոզվել նաեւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության մակարդակով, եւ այդ պայմաններում անթույլատրելի է խոսել Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի խաղաղ համակեցության մասին: Հային հիմնական թշնամի համարելու գաղափարով դաստիարակված եւ մեծացած յուրաքանչյուր ադրբեջանցի հայի հետ ամեն մի հանդիպման ժամանակ պետք է նրա մեջ տեսնի միայն թշնամուն, հետեւաբար, Արցախի ու Հայաստանի շփման գծում նման միջադեպերն անթիվ են լինելու, էլ չենք խոսում երկրների միջեւ հաղորդակցության ուղիների բացման հեռանկարի մասին: Քանի դեռ Ադրբեջանը պետական մակարդակով չի դադարեցրել հակահայ քարոզը, հայկական պետությունները պետք է պատրաստ լինեն եւ դիտարկեն հնարավոր բոլոր անցանկալի ու նման վտանգ ունեցող զարգացումները:

Շուշիի դեպքն ավելորդ անգամ փաստեց, որ տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության հաստատման դեմ հանդես են գալիս բացառապես Ադրբեջանը եւ նրան հովանավորող «ավագ եղբայրը»: Նման միջադեպերով Ադրբեջանն Արցախի պաշտպանության բանակին հրահրում է պատասխան գործողությունների, ինչը կարող է արագ վերածվել լայնածավալ բախման, այն դեպքում, երբ շփման գծի երկայնքով կանգնած է ՌԴ խաղաղապահ զորակազմը, որը նման զարգացումների դեպքում չի կարող չներքաշվել դրանց մեջ՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ: Հետեւաբար՝ միանշանակ է, որ Ադրբեջանը գործում է բացառապես Արցախի շուրջ ստեղծված ստատուս-քվոյի, այն է՝ ռուսական խաղաղապահ առաքելության խաթարման ուղղությամբ:

Այնպես չէ, որ հայկական կողմին բավարարում է Արցախի Հանրապետության ներկայիս տարածքների օկուպացված վիճակը, բայց այստեղ խնդիր է դրված հարգել ՌԴ-ի՝ հրադադարի պահպանման երաշխավորի եւ խաղաղարարի ջանքերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին