Կարևոր իրադարձություններ

Կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Արցախի իշխանությունների մասնակցությամբ բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով․ ԱՀ ԱԺ-ն հայտարարություն է ընդունել

09 Նոյեմբեր, 2021 13:50
Կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Արցախի իշխանությունների մասնակցությամբ բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով․ ԱՀ ԱԺ-ն հայտարարություն է ընդունել

2021թ. նոյեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է հայտարարություն.

2020 թվականի աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ, անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ագրեսիա է իրականացրել Արցախի Հանրապետության հանդեպ և 44 օր տևած պատերազմի արդյունքում բռնազավթել է հանրապետության տարածքի մեծ մասը:

Իր պատմական հայրենիքից Արցախի բնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր ընտանիքներ են ունեզրկվել և հայրենազրկվել, ոչնչացվել ու պղծվել են ազգային-մշակութային և քրիստոնեական հարյուրավոր հուշարձաններ ու կոթողներ:

Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված զինադադարով կասեցվել է արյունահեղությունը:

Այդուհանդերձ, մեր խորին համոզմամբ, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության սպառնալիքը կարող է կանխվել, և տարածաշրջանում ապրող ժողովուրդների միջև տևական խաղաղություն կարող է հաստատվել միմիայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, գերեվարված մեր հայրենակիցների ու բռնի տեղահանվածների հայրենի օջախներ վերադարձնելու և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորման պարագայում:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, անհետաձգելի քայլեր ձեռնարկել Արցախի իշխանությունների մասնակցությամբ բանակցային գործընթացը վերսկսելու և հիմնախնդրի համապարփակ լուծումն ապահովելու նպատակով:

Ոգեկոչելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակների հիշատակը և արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացների օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական նորմերին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, վերահաստատում է՝ ազատ ու անկախ Արցախը պահպանելու 1988 թվականին ստանձնած հանձնառությունը և Արցախի Հանրապետության ժողովրդի վճռականությունը՝ հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իր իրավունքը պաշտպանելու գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին