Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Արցախի քաղաքացուն սոցցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ. ԱՀ դատախազություն

09 Նոյեմբեր, 2021 12:35
Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Արցախի քաղաքացուն սոցցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ. ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես նախկինում արդեն հաղորդվել էր, Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցիալական ցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացների մեջ՝ նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ, այս կամ այն հարցի կապակցությամբ շոշափել հանրային տրամադրություններն ու կարծիքները:

Երեկ ԱՀ դատախազություն է ներկայացվել հաղորդում այն մասին, որ ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի Հանրապետության քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ՝ այդ ընթացքում նրա մասին ներկայացնելով այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են ԱՀ քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին:

Հիշյալ հաղորդումը ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Արցախի Հանրապետության քաղաքացիներին կրկին անգամ խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին