Կարևոր իրադարձություններ

Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, չի տեղավորվում ոչ բանականության, ոչ խաղաղասիրական ձգտումների շրջանակներում. Ստեփանակերտի քաղաքապետ

08 Նոյեմբեր, 2021 23:55
Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան
Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, չի տեղավորվում ոչ բանականության, ոչ խաղաղասիրական ձգտումների շրջանակներում. Ստեփանակերտի քաղաքապետ

ԱՀ մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր ժամը 15-ի սահմաններում, չի տեղավորվում ոչ բանականության, ոչ խաղաղասիրական ձգտումների, ոչ էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման տրամաբանության շրջանակներում:

Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա «Ջրմուղ-կոյուղի» ընկերության աշխատակիցները կատարում էին իրենց առջև դրված առաջադրանքը. Շուշիի հարակից՝ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքում ջրատար խողովակներն էին վերանորոգում:

Սակայն անգամ խաղաղապահների հարևանությունը և աշխատանքները կազմակերպելու հարցում նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, պարզվում է, բավարար չէին փաստացի հումանիտար աշխատանք իրականացնող մարդկանց անվտանգությունն ապահովելու համար…

Մեր չորս աշխատակիցներից Մարտիկ Երեմյանը զինյալ թշնամու դիմահար թիրախային կրակոցներից սպանվել է, իսկ նրա երեք գործընկերները տարբեր աստիճանների վիրավորումներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն: Քաղաքային իշխանությունների անունից ցավակցում ու զորակցություն եմ հայտնում անմեղ զոհի հարազատներին ու ընկերներին:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր վիրավոր գործընկերներին: Հորդորում եմ իրավապահ մարմիններին ու ՌԴ խաղաղապահ զորակազմին քննել հերթական հանցագործության մանրամասները: Հուսով եմ՝ մեղավորները անպատիժ չեն մնա: Միայն այսպիսի ելքը կարող է բացառել նման դեպքերի կրկնությունը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին