Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը

08 Նոյեմբեր, 2021 16:01
Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 4-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանը, Արշակ Ասլանյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի այլ ներկայացուցիչներ։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարն ընդգծել  է, որ բարձր է գնահատում ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի կառավարությանը։ Նա կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցության արդյունավետությունը՝ հատկապես շեշտելով տնտեսության զարգացմանն ուղղված, արդեն իսկ իրականացված  և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բիզնես ոլորտին և զբոսաշրջությանը վերաբերող ծրագրեր և ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր։ Ամփոփվել են նաև ընթացիկ տարվա դեկտեմբերին ավարտվող «Իմ Հայաստան» ծրագրի արդյունքները։

Անդրադառնալով ծրագրի շրջանակում զբոսաշրջության ոլորտի համար մշակված «Հայաստանի օրինակելի փորձառություններ» գնահատման չափանիշներին` նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ կատարվել է հիանալի աշխատանք, նաև տեղեկացրել, որ չափանիշներն արդեն իսկ ուղարկվել են Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին` հաստատելու և կիրառության մեջ դնելու նպատակով։ Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ մշակված փորձառությունների շնորհիվ զբոսաշրջության ոլորտը զգալիորեն կբարելավվի և կստեղծվի հնարավորություն՝ հասնելու զբոսաշրջության ոլորտում նպատակներից մեկի իրականացմանը՝ դեպի Հայաստան միջինից բարձր դասի զբոսաշրջիկներ ներգրավելուն։

Խոսելով երկրի տնտեսության զարգացման համար  զբոսաշրջության կարևորության մասին՝ Ալեքսանդր Սոկոլովսկին ընդգծել է ԱՄՆ ՄԶԳ դերը զբոսաշրջության ռազմավարության մշակման գործում, նաև հետաքրքրվել Հայաստանի կառավարության կողմից ոլորտում իրականացվող ծրագրերով, մասնավորապես՝  տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։

Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարության ծրագրում զբոսաշրջության զարգացմանը առանձին հատված է նվիրված, և կառավարությունը նախատեսում է մեծ ներդրումներ անել զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման մեջ։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում  տարածաշրջանային կապերի ամրապնդման ուղղությամբ։ Նա նշել է Հայաստանի և Վրաստանի ակտիվ համագործակցության մասին և հավելել, որ դիտարկվում է Երևանի ու Թբիլիսիի միջև արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը, ինչը  կնպաստի երկկողմ զբոսաշրջային հոսքերի կտրուկ ավելացմանը, ինչպես նաև միասնական զբոսաշրջային փաթեթների մշակմանը և առաջխաղացմանը։

Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացման գործում ԱՄՆ ՄԶԳ-ի դերին` առանձնացնելով այդ ուղղությամբ տարածաշրջանային մակարդակով աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս հավաստել են համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։  

Լրահոս

Դիտել ավելին