Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզպետը Ռայմունդ Յելեին է ներկայացրել մարզի համայնքների զարգացման ռազամավարության կարևորագույն ոլորտները

08 Նոյեմբեր, 2021 10:10
Լոռու մարզպետը Ռայմունդ Յելեին է ներկայացրել մարզի համայնքների զարգացման ռազամավարության կարևորագույն ոլորտները

 

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, ծրագրի ղեկավար Վարդան Բարսեղյանը, «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի ղեկավար Հասմիկ Քոչարյանը, ոլորտի մասնագետներ և փորձագետներ:
 
Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից մարզում իրականացվող ներկայիս ծրագրերի և հետագա աշխատանքների ընթացքը, խորացնել միջազգային կազմակերպություն և մարզպետարան կապը և համագործակցության շրջանակները:
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արամ Խաչատրյանը կարևորել է «Տեղական դերակատարների հզորացում հանուն Լոռու մարզի զարգացման» (LEAD) ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները մարզի տարբեր համայնքներում և պատրաստակամություն է հայտնել հետագա սերտ համագործակցության և աջակցության:
 
Ռ. Յելեին է ներկայացվել մարզի համայնքների զարգացման ռազամավարության կարևորագույն և առաջնահերթ ոլորտները: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը մտադիր է մարզում շարունակել ներդրումային ծրագրերի իրագործումը, այդ ուղղությամբ համայնքների կարիքների գնահատման աշխատանքներ կտարվեն: Այդ նպատակով առաջիկայում կկազմակերպվեն լայնածավալ քննարկումներ ֆորումի տեսքով՝ նպատակային և արդյունավետ ներդրումային ծրագրերի իրագործման ուղղություններն ընտրելու համար:
 
Լոռու մարզում արդեն մեկ տարի է, ինչ ընթացքի մեջ է «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» ծրագիրը, որի հիմնական նպատակն է տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմամբ նպաստել Լոռու զարգացմանը՝ բարելավելով համայնքների կյանքի որակը:
 
Ծրագրի տևողությունը 4 տարի է, որի շրջանակներում մի քանի համայնքներ կմիավորվեն, կստեղծվեն ակտիվ մարդկանց խմբեր, կբացահայտվեն համայնքային խնդիրները և ծրագրի շրջանակներում տվյալ տարածքի խնդիրները հիմնավոր լուծումներ կգտնեն միջազգային կազմակերպությունների միջոցով: LEAD ծրագրի համայնքային աշխատակիցները փաստահավաք առաքելությամբ եղել են մարզի բոլոր համայնքներում, հաջորդիվ կմիավորվեն հեռահար նպատակներով և միասին լուծումներ կգտնեն իրենց խնդիրների համար:
 

Լրահոս

Դիտել ավելին