Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 9-ից հետո մենք երևի 5-6 օր ենք ունեցել, երբ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել. ՀՀ վարչապետ

07 Նոյեմբեր, 2021 22:55
Նոյեմբերի 9-ից հետո մենք երևի 5-6 օր ենք ունեցել, երբ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել. ՀՀ վարչապետ

Հայաստանը անհրաժեշտ է համարում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան, սակայն այս գործընթացը սկսելը դժվար է պատկերացնում այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմն ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը: Այս մասին այսօր Հանրային հեռուտաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հստակ ասել ենք, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից: Սա մեր դիրքորոշումն է, սա այն արձանագրումն է, որ մենք արել ենք

Դեռ մայիսին կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել ՌԴ-ի կողմից առաջարկվող փաստաթուղթը՝ դեմարկացիաի և դելիմիտացիայի մասին: Եվ հիշում եք, թե ինչ ներքաղաքական աղմուկ բարձրացավ, հետո փակ տողերով փաստաթուղթ հրապարակվեց: Հետո, երբ արդեն այդ տողերը բացվեցին, պարզվեց, որ ընդհանուր առմամբ այս փաստաթղթի ստորագրման պահը կորսվել և բաց է թողնվել: Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ անհրաժեշտ ենք համարում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան: Բայց, մյուս կողմից, մենք ասում ենք, որ շատ դժվար ենք պատկերացնում դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցես մի սահմանում, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն արձանագրեց, որ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում սահմանին. «Բայց նոյեմբերի 9-ից հետո մենք երևի 5-6 օր ենք ունեցել, երբ որ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել. մեկ տարվա ընթացքում՝ ընդամենը 5-6 օր, հրադադարն ամենօրյա ռեժիմով խախտվում է Արցախում: Չնայած Արցախում նախորդ շաբաթվա մեջ ունեցել ենք 1-2 օր, երբ 0 են եղել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Բայց մեծ հաշվով հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է հայ-ադրբեջանական սահմանին, հետևաբար, շատ դժվար է պատկերացնել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց այն սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են տեղի ունենում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին