Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Մինչև օրս ապահովված չէ Շուշիի և Հադրութի շրջանի հայ բնակիչների վերադարձի իրավունքը. Նիկոլ Փաշինյան

07 Նոյեմբեր, 2021 22:43
Մինչև օրս ապահովված չէ Շուշիի և Հադրութի շրջանի հայ բնակիչների վերադարձի իրավունքը. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմն ունեցել է շուրջ 28 զոհ: Այս մասին այսօր Հանրային հեռուտաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայտարարության շատ կարևոր կետերից մեկն ամբողջությամբ իրագործվել է՝ ԼՂ-ում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահները, որոնց գործունեությունը բարձր ենք գնահատում և որոնք այսօր ԼՂ-ում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են։ Մյուս կողմից պետք է ցավով նշել, որ կրակի դադարեցման ռեժիմը նաև ԼՂ-ում ամբողջությամբ չի պահպանվում, սա արձանագրել են նաև խաղաղապահները։ Հույս ունեմ, որ այդ դեպքերի առնչությամբ պատշաճ հետաքննություն կանցկացվի և կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ։ Վերջին աղաղակող դեպքերը հիշենք, երբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձը տրակտորի ղեկին խոցվել էր Ադրբեջանի դիպուկահարների կողմից։ Հիշենք այն դեպքը, երբ 5 վիրավոր զինծառայող ունեցանք։

Ցավոք, պետք է արձանագրեմ, որ նոյեմբերի 9-ից հետո մենք բազմաթիվ վիրավորներ և զոհեր ենք ունեցել։ Շուրջ 28 զոհ ենք ունեցել, մասնավորապես, Խծաբերդ-Հին թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի են ունեցել միջադեպեր, երբ ունեցանք զոհեր։ Սա շատ անհանգստացնող փաստ է։ Պետք է ասեմ, որ ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք, մասնավորապես Խծաբերդ-Հին թաղեր հատվածում, Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, որը եռակողմ  հայտարարության կոպիտ խախտում է։ Պետք է ընդգծեմ, որ հաստատված 40 գերիներից մեծ մասը գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, մինչև այժմ ազատ չեն արձակվել ի հեճուկս հայտարարության 8-րդ կետի, որտեղ հստակ ասվում է, որ ռազմագերիները, պատանդները, այլ պահվող անձինք պետք է ազատ արձակվեն:

Ամենևին տեղին չեմ համարում Ադրբեջանի այն մեկնաբանությունը, թե ով է ռազմագերի, ով ռազմագերի չէ, որովհետև հայտարարության մեջ հստակ նշված է՝ ռազմագերի, պատանդ և այլ պահվող անձինք։ Դա նշանակում է, որ գործնականում սեփական կամքին հակառակ պահվող յուրաքանչյուր ոք գտնվում է այդ կետի իրավազորության ներքո։ Չկա այդպիսի տարբերակում՝ նոյեմբերի 9-ից առաջ է դա տեղի ուենցել, թե դրանից հետո»,- ասաց Փաշինյանը։

Հաջորդ անհանգստացնող փաստն, ըստ վարչապետի, այն է, որ հայ-ադրբեջանական սահմանագծին նույնպես հրադադարի ռեժիմի խախտումներ են լինում, ինչը նույնպես եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության, մինչև օրս ապահովված չէ Շուշիի և Հադրութի շրջանի հայ բնակիչների վերադարձի իրավունքը։

 

Լրահոս

Դիտել ավելին