Կարևոր իրադարձություններ

Շնորհակալություն եմ հայտնում հայ և օտարերկրյա այն բժիշկներին, ովքեր օգնել են փրկել հարյուրավոր զինվորների կյանքեր. Արսեն Թորոսյան

07 Նոյեմբեր, 2021 16:24
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Շնորհակալություն եմ հայտնում հայ և օտարերկրյա այն բժիշկներին, ովքեր օգնել են փրկել հարյուրավոր զինվորների կյանքեր. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Ողջույնի խոսքս Հայկական բժշկական համաշխարհային 13-րդ համագումարի մասնակիցներին.

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Հայկական բժշկական համաշխարհային 13-րդ համագումարի մասնակիցներին, որի կարգախոսն է՝ «Սիներգիայի և համագործակցության պայմաններ ստեղծել ՝ առողջ ազգ ունենալու համար»:

Ինչպես ես, այնպես էլ, կարծում եմ՝ բոլորս ափսոսում ենք, որ դեռևս չենք կարող իրական շփում ապահովել մեկ հարկի տակ՝ Covid-19 մահացու համավարակի պատճառով: Հուսով եմ, որ հաջորդ համագումարը կիրականացվի սրտանց ձեռքսեղմումներով և գրկախառնություններով՝ հին ընկերների և գործընկերների հետ։ Անձամբ ես շատ եմ կարոտում այդ շփումը ձեր բոլորի հետ։

Վերջին անգամ ողջ աշխարհի հայկական բժշկական համայնքը հանդիպել է 2019 թվականին՝ Երևանում կայացած Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում։ Այդ ժամանակ մենք քննարկել ենք Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի մարտահրավերները, հանրային առողջության խնդիրները, համատեղ աշխատանքի ձեռքբերումները և այլն։

Ցավոք, հայկական բժշկական այս երկու էական իրադարձությունների միջև մեր երկիրը երկու աղետալի հարված ստացավ, մեկը՝ Covid-19 համավարակն է, որը դեռ շարունակվում է, իսկ երկրորդը՝ 2020 թվականի ընթացքում տեղի ունեցած 44-օրյա արցախյան պատերազմն էր։ Օգտագործելով առիթը, ուզում եմ նշել, որ մեր բոլոր զոհված քույրերն ու եղբայրները միշտ կմնան մեր հիշողություններում։

 

Վերադառնալով համագումարի կարգախոսին՝ մշտապես նշել եմ, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առողջապահության ոլորտի մասնագետների համագործակցությունը միշտ օրինակելի է եղել այլ մասնագետների համար։ Այս համագործակցությունն ունի շատ երկար պատմություն, որը սկիզբ է առել 1988 թվականի երկրաշարժի ժամանակ, շարունակվել է Հայաստանի անկախության, Արցախի առաջին պատերազմի, Ապրիլյան պատերազմի տարիներին և Covid 19-ի ընթացքում։

 

Բայց ոչ ոք չի կարող առարկել, որ մեր միջև ավելի լավ սիներգիա ունենալու հնարավորություն կա և վստահ եմ, որ այս համագումարը և հետագա միջոցառումները մեծապես կնպաստեն դրան։

Քանի որ մեր օրերում հաճախակի հնարավորություն չենք ունենում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր բժշկական ոլորտի մասնագետներին շնորհակալություն հայտնելու՝ վերջին երկու խոշոր առողջապահական ճգնաժամերի ընթացքում նրանց կատարած մեծ աշխատանքի համար, ուստի օգտագործելով այս առիթը, ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլորին։ Շնորհակալ եմ բոլոր բժիշկներին՝ Covid-19-ի ընթացքում շարունակական և առանց հանգստի պայքարի համար, որի արդյունքում փրկվել են հազարավոր կյանքեր։ Այս ամենի շնորհիվ է նաև ձևավորվել վստահություն մեր առողջապահական համակարգի նկատմամբ։ Առանց ձեր մատուցած ծառայությունների ոչինչ հնարավոր չէր լինի անել։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հայ և օտարերկրյա այն բժիշկներին, ովքեր օգնել են Հայաստանին և Արցախին փրկել հարյուրավոր զինվորների կյանքեր։ Շնորհակալ եմ ամենաբարձր մակարդակով ռեսուրսներ մոբիլիզացնելու համար, ինչպես մարդկային, այնպես էլ սարքավորումների տեսքով։ Առանց այս զոհաբերությունների հարյուրավոր, և նույնիսկ՝ հազարավոր մարդիկ կտուժեին։

Ցանկանում եմ նաև ընգծել Հայկական բժշկական համաշխարհային կոմիտեի կարևոր դերը COVID-19 համավարակի և 44-օրյա պատերազմի ընթացքում։ Առանց այդ կազմակերպչական ջանքերի շատ ռեսուրսներ, որոնք պիտի կյանքեր փրկեին, կլինեին ապարդյուն։ Այս աշխատանքների ամենակարևոր մասը հնարավոր է դարձել իրագործել կոմիտեի նախագահ Վիգեն Սեպիլյանի ջանքերով՝ իր գործընկերների հետ միասին։ Շնորհակալություն, դոկտոր Սեպիլյան, այն ամենի համար, ինչ դուք արել և անում եք Հայաստանի համար։

Եզրափակելով ողջույնի խոսքս, վստահ եմ, որ բոլոր առողջապահական թեմաները, որոնք ներառված են համագումարի օրակարգում, շատ կարևոր են Հայաստանի և Արցախի համար։ Համագումարի բոլոր մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, որը շոշափելի արդյունքներ կտա և կնպաստի ավելի առողջ հանրություն ունենալուն»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին