Կարևոր իրադարձություններ

Վանաձորում ընթացող «Եկե՛ք պատվաստվենք» միջոցառմանը ներկա է գտնվել առողջապահության նախարարը. պատվաստվել է 451 քաղաքացի

06 Նոյեմբեր, 2021 21:57
Վանաձորում ընթացող «Եկե՛ք պատվաստվենք» միջոցառմանը ներկա է գտնվել առողջապահության նախարարը. պատվաստվել է 451 քաղաքացի

Վանաձորում ընթացող «Եկե՛ք պատվաստվենք» միջոցառմանը ներկա է գտնվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում միացել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Նախարարը ողջունել է պատվաստումային արշավը՝ կոչ անելով հայրենակիցներին օր առաջ պատվաստվել:

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է հատկապես կանանց դերը համավարակի դեմ պայքարում:

«Սիրելի կանայք, եկե՛ք մեզ վրա վերցնենք պատասխանատվությունը: Խնդրում եմ, եկե՛ք մենք հսկենք, հո՛գ տանենք, որ տանից դուրս գալիս ընտանիքի անդամները դիմակ կրեն. սա պաշտպանիչ ևս մեկ շերտ է, որը պատվաստումներին զուգահեռ կօգնի կոտրել վարակի ալիքը»,-նշել է նախարարը:

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել նմանատիպ պատվաստումային արշավները` ընդգծելով, որ վերջին շրջանում թափ առած պատվաստումային ակտիվությունն անհնար է չնկատել։

«Շատ ուրախ եմ, որ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում, որոնք մարդկանց ցույց են տալիս պատվաստման կարևորությունը: Ակնհայտ է, որ Հայաստանում պատվաստումային գործընթացն ակտիվանում է, քանի որ մարդիկ սկսել են գիտակցել, որ այս համավարակի դեմ պայքարի միակ և արդյունավետ միջոցը պատվաստումն է»,-ասել է դեսպանը՝ հավելելով, որ պատվաստանյութերի ձեռքբերման հարցում երկրները պետք է սոլիդարություն դրսևորեն։

Հիշեցնենք, որ պատվաստանյութերի համար բանակցությունների և ձեռքբերման հարցում Լիտվան մեծ օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին։

«Պատվաստումային օր Վանաձորում» միջոցառման ընթացքում պատվաստվել է 451 քաղաքացի:

 

Լրահոս

Դիտել ավելին