Կարևոր իրադարձություններ

Գյումրու բժշկական կենտրոնում նորածին չի մահացել. հերքում

05 Նոյեմբեր, 2021 23:25
Հեղինակ՝ Gyumri Medical center
Գյումրու բժշկական կենտրոնում նորածին չի մահացել. հերքում

Գյումրու բժշկական կենտրոնը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, թե Գյումրու ծննդատանը երեխա է մահացել: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունից, որում մասնավորապես ասված է.

«Լրատվամիջոցները «Գյումրու ծննդատանը երեխա է մահացել. հայրն այրել է ծննդատան նախասրահը» վերտառությամբ նյութեր են հրապարակել, ինչը, թյուրիմացաբար, ընկալվել է որպես նոր դեպք:

Տեղեկացնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2006 թվականին, երբ դեռ Գյումրու ծննդատունը չէր գործում Գյումրու բժշկական կենտրոնի կազմում:

Ինչ վերաբերում է նշյալ դեպքին՝ նկատենք, որ Ա. Մ.-ի երեխան 2006 թվականին ծնվել է թերքաշ։ Տեղափոխվելով այլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` առողջական խնդիրների պատճառով նորածինը մահացել է: Երեխայի հայրը պարբերաբար հիշելով դժբախտ դեպքն այցելում է Գյումրու ծննդատուն և կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծում:

Հերթական դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 6-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ինչի մասին էլ կես տարի անց հայտնել են լրատվամիջոցները:

Տեղեկատվական դաշտում շփոթմունք չառաջացնելու համար լրատվամիջոցների մեր գործընկերներին խնդրում և հորդորում ենք տեղեկությունը հրապարակել լիարժեք՝ հասարակության մեջ շփոթմունք չառաջացնելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին