Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահին

05 Նոյեմբեր, 2021 14:04
Վարչապետն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավային և նրա գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով Վրաստանի ՍԴ ներկայացուցչական պատվիրակության պաշտոնական այցը մեր երկիր՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նոր դինամիկա է արձանագրվում: Այդ մասին են վկայում երկու երկրների տարբեր ոլորտները ներկայացնող պատվիրակությունների ակտիվ փոխայցերը, սերտ շփումները, այս անգամ արդեն՝ սահմանադրական արդարադատության բնագավառում»: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների Սահմանադրական դատարանների միջև համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով կառավարման համակարգերի ընդհանրությունները:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և հայկական կողմին ջերմ ընդունելության համար՝ Մերաբ Տուրավան նշել է, որ Վրաստանի ՍԴ նախագահ ընտրվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցն է՝ ի վկայություն այն բանի, թե որքան է Վրաստանը կարևորում Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի զարգացումը: Նա արդյունավետ է գնահատել հայ գործընկերների հետ քննարկումները և ամուր համագործակցությունը և ընդգծել, որ հայ-վրացական կապերի՝ վերջին շրջանի դինամիկան լավ հիմք է երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի ամրապնդման համար:

Հանդիպմանն արծարծվել են խորհրդարանական կառավարմանը և դրա ժողովրդավարական նշանակությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանում և Վրաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրման ընթացքի և առանձնահատկությունների շուրջ: Վրաստանի ՍԴ նախագահը նշել է, որ Վրաստանում ոգևորիչ են համարում և բարձր գնահատում Նիկոլ Փաշինյանի ներդրումը Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին