Կարևոր իրադարձություններ

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ վերընտրվեց Միքայել Ադամյանը

05 Նոյեմբեր, 2021 00:06
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ վերընտրվեց Միքայել Ադամյանը

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ վերընտրվեց Միքայել Ադամյանը: Այս մասին տեղեկանում ենք ԵՊԲՀ-ի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասված է.

«ԵՊԲՀ-ում նոյեմբերի 4-ին անցկացվեց հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը: Բաց քվեարկության արդյունքում Հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց դասախոս, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը խորհրդի անդամները կրկին վստահեցին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանին, որը որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ պաշտոնավարում էր 2020 թվականի օգոստոսի 13-ից:

Միքայել Ադամյանը շնորհակալություն հայտնելով խորհրդի նախկին անդամներին՝ ընդգծեց, որ պատիվ ունի կրկին ստանձնելու այս պատասխանատու պաշտոնը՝ նպաստելով բուհի բարձր անվան պահպանմանը և ժողովրդին պիտանի լինելուն:

Նախորդ մեկ ու կես տարին՝ կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով ծանր ընթացք ուներ, սակայն համատեղ ջանքերով բժշկական բուհն իր համալսարանական հիվանդանոցներով, «քովիդ» բաժանմունքներով ու բոլոր ստորաբաժանումներով կարողացավ հաղթահարել մարտահրավերները՝ ապահովելով նաև զարգացում և առաջընթաց:

«Պատերազմի ընթացքում բժշկական համալսարանի գործընկերների հետ պատիվ ունեցա լինել Արցախում և այն ընկերությունը, որը ձեռք է բերվում նման ակտիվ իրավիճակում, վստահ եմ՝ որևէ այլ համագործակցության հետ համեմատելի չէ: Բոլորս ապացուցեցինք, որ միասին ենք և պետք է աշխատենք մեր բուհը զարգացնելու և առողջապահության ապագայի համար»,- ընդգծեց Միքայել Ադամյանը՝ հավելելով, որ պետք է կրթել սերունդներ, որոնք միշտ պիտանի կլինեն հայրենիքին:

Խոսելով ԵՊԲՀ-ում օտարերկրացի ուսանողների ուսումնառության մասին՝ հոգաբարձուների խորհրդի վերընտրված նախագահը նշեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ ամեն ինչ արվեց՝ արտերկրից ժամանած սովորողների ուսման և կեցության բոլոր հարցերի լուծման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հատուկ չվերթներ կազմակերպելու ուղղությամբ:

Առկա դժվարությունները խոչընդոտ չհանդիսացան նոր բաժանմունքների և բժշկական ծառայությունների ձևավորման համար: Նրա գնահատմամբ՝ բուհը ծառացած խնդիրները հաղթահարեց պատվով, աշխատանքները կազմակերպվեցին անխոչընդոտ:

Միքայել Ադամյանը վստահություն հայտնեց, որ ուժերի համախմբումն առաջիկայում ևս նոր վերելքների ապահովման հնարավորություն կտա:

Հոգաբարձուների խորհրդի նիստի ավարտից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունելով նիստի անդամներին դիմելու առաջարկը՝ նշեց, որ վերջին տարիներին, չնայած ծագած դժվարություններին, ԵՊԲՀ-ին հաջողվել է շուրջ 25 տոկոսով ավելացնել օտարերկրացի սովորողների թիվն ու այն երկրների աշխարհագրությունը, որտեղից ժամանում են ապագա բժիշկները:

«Դա վկայում է, որ բուհը ճանաչվել և գնահատվել է ոչ միայն Հայաստանում, այլև կոշտ մրցակցության պայմաններում՝ արտերկրում, աշխարհի շուրջ 33 երկրում»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ բուհը բացել է 690 աշխատատեղ իր կողմից հիմնադրված հաստատություններում:

Երկրի առջև ծառացած ամենադժվար իրավիճակներում բուհը կարողացել է ինքնակազմակերպվել, ձևավորել ամուր թիկունք, պայքար մղել Covid-19-ի դեմ, միևնույն ժամանակ ծավալելով բժշկական գործունեություն և իրականացնելով լուսավորչական աշխատանք:

Համավարակը շարունակում է բուհի համար լինել օրհասական խնդիր, որի դեմ սպիտակ բանակի պայքարը շարունակվում է:

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ զուգահեռ իրականացվել են ուսումնական տասնյակ ծրագրեր, բարերարների աջակցությամբ արդիականացվել են լսարաններ՝ անվանակոչվելով անվանի բժիշկ-գիտնականների անուններով, ձևավորվել են նոր ամբիոններ՝ պահպանելով բուհի առաջատար և կարևոր տեղը:

Իրականացվող աշխատանքներից անմասն չի մնացել նաև գիտությունը, որի զարգացմանն ուղղված աշխատանքները դարձել են հաշվառելի:

Ամփոփելով՝ նա խոսեց նաև ԵՊԲՀ-ի և Հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկուհի Մինասյանի հետ կարևորագույն համագործակցության շնորհիվ զինվորական հաշմանդամություն ունեցող 5000 անձի վերականգնողական ժամանակակից բուժում և սոցիալական ինտեգրման ծրագրեր իրականացնելու մասին:

«5000 թիվը պարտավորեցնում է ճանաչել մի համալսարան, որն իր առօրյա աշխատանքներից զատ, միջազգային ճանաչումից բացի, ձեռնամուխ եղավ, թե՛ լուսավորչական, և թե՛ բուժական աշխատանքի»,-ավելացրեց բժշկական բուհի ռեկտորը:

Բուհի ղեկավարն առանձնակի շնորհակալություն հայտնեց նախորդ հինգ տարիներին աշխատանք ծավալած Հոգաբարձուների խորհրդի բոլոր 4 կազմերին, որոնց հետ առավելագույնն անելու ձգտմամբ կյանքի կոչվեցին կարևոր ծրագրեր ու նախաձեռնություններ»:

 

Լրահոս

Դիտել ավելին