Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    487,5
    494,5

  • EUR

    548,5
    560,5

  • RUB

    6,57
    6,81

Կարևոր իրադարձություններ

Վահրամ Դումանյանը կոչումներ է շնորհել մարզաշխարհի ներկայացուցիչներին

04 Նոյեմբեր, 2021 23:37
Վահրամ Դումանյանը կոչումներ է շնորհել մարզաշխարհի ներկայացուցիչներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, մարզական կոչումներ են շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:

Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ սա մարզիկների և մարզիչների կատարած ազգանվեր աշխատանքի շատ համեստ գնահատականն է. «Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, այն, ինչ մենք այսօր արեցինք, մի փոքր ուշացած էր, բայց կարևորը՝ այսօր մենք հանձնեցինք այն, ինչը դուք վաստակել եք ձեր ամենօրյա քրտնաջան նվիրումի շնորհիվ ու շարունակում եք այսօր էլ այս դաշտում աշխատել:

Սպորտն ամբողջ աշխարհում ամենաարդյունավետ ու ամենատարածված միջոցն է քեզ ու քո երկիրը ներկայացնելու առումով: Եթե կարողանում ես հաղթել ու այնպես անել, որ քո երկրի դրոշը բարձրանա, ու հնչի քո երկրի օրհներգը, դա վստահություն և անգնահատելի դրական լիցք է հաղորդում յուրաքանչյուրին, ով հետևում և երկրպագում է ձեզ: Շնորհակալ ենք ձեզ: Մեզանից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի ձեզ համար ավելի հարմարավետ և հաճելի լինի կատարել այն աշխատանքը, որը դուք առանց այդ էլ անում եք: Սա շատ համեստ գնահատականն է ձեր կատարած շատ կարևոր և ազգանվեր աշխատանքին»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ իր հերթին ընդգծել է, որ պետությունը դեռ շատ ավելին է անելու, որպեսզի մարզիկները կարողանան հասնել այն ամենին, ինչին արժանի են:

«Միայն ուզում եմ ասել շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի համար: Այն, ինչ անում եք դուք, անհրաժեշտ է մեզ հատկապես այս ժամանակաշրջանում: Յուրաքանչյուր հաղթանակ մի քայլ է՝ մարդկանց մոռացնելու հոգսերը, խնդիրները: Ամեն մի հաղթանակից հետո ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի մոտ ինքնագնահատական է բարձրանում: Մարդիկ սկսում են հավատալ, որ մենք զորեղ ենք, որ մենք կարող ենք ու դեռ մեծ հաղթանակներ ենք ունենալու:

Բոլորիդ ամենայն բարիք եմ մաղթում, գործող մարզիկներին էլ՝ նորանոր նվաճումներ: Այն, որ պետությունն առավել, քան երբևէ, այսօր հոգում է ձեր հոգսերը, դա փաստ է: Եվ դեռ շատ ավելին է անելու, որպեսզի դուք կարողանաք հասնել այն ամենին, ինչին արժանի եք»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Կոչումներ ստացած մարզիկների թվում են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Նրանք արժանացել են ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման:

Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետի կոչմանն է արժանացել նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, ով այսօր աշխարհի առաջնությունում կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար: ԿԳՄՍ նախարարն ու նախարարի տեղակալը հաղթանակ մաղթեցին Հովհաննես Բաչկովին, իսկ Կարեն Գիլոյանը նաև ընդգծեց այն, թե ինչպես օրերս հայկական կողմի բողոքարկման արդյունքում վերանայվեց հայ բռնցքամարտիկի՝ քառորդ եզրափակչի մենամարտի արդյունքը:

«Երկու օր առաջ իսկապես աննախադեպ իրադարձություն էր, երբ աշխարհի առաջնությունում Բաչկովի պարտությունը բողոքարկմամբ դարձավ հաղթանակ: Այսինքն՝ մենք արդեն պաշտպանված ենք: Եվ դա անելու ենք բոլոր մարզաձևերում: Կամաց-կամաց հասնելու ենք նրան, որ մեզ երրորդ երկրի տեղ չդնեն, այլ համարեն ուժեղ երկիր, հատկապես՝ սպորտում»,- փաստել է Կարեն Գիլոյանը:

Լրահոս

Դիտել ավելին