Կարևոր իրադարձություններ

Հայկական պետությունների հզորացման գրավականները. «Հայաստանի Հանրապետություն»

04 Նոյեմբեր, 2021 09:14
Հայկական պետությունների հզորացման գրավականները. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«2021 թ. առաջին կիսամյակի ամփոփված տվյալներով` Հայաստանում ծնվել է 17.211 երեխա, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 15.893 էր: Աճն էական է եւ շատ նշանակալի նախորդ՝ ճգնաժամային տարվա երկրորդ կիսամյակից հետո: Հայաստանից արտագաղթի որոշակի հոսքի պայմաններում նման ցուցանիշի գրանցումը խոստումնալից ու ուրախացնող հանգամանք է: Նշանակալից է նաեւ մեկ այլ ցուցանիշ` այս տարվա  8 ամիսներին արձանագրվել է 14.359 ամուսնություն:

Այս թվերն առաջին հերթին վկայում են մեր ժողովրդի ամուր կամքի եւ պայքարող ոգու մասին, հաստատում 44-օրյա պատերազմից հետո արարելու եւ նորովի հզոր Հայաստան կառուցելու վճռականությունը: Պետության հզորացումն այլընտրանք չունի, եւ ինչ իրավիճակ էլ ստեղծվի, միեւնույն է, Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը: Այս կարեւոր առաքելությունն իրականացնելու համար պետք է ոտքի կանգնի նախ Հայաստանը եւ զուգահեռ էլ ոտքի կանգնեցնի Արցախի Հանրապետությունը:

Իսկ այսօր հայկական երկու պետությունների առջեւ ծառայած առանցքային խնդիրներից են ժողովրդագրական հիմնահարցերը: Մարդկային կապիտալը բոլոր ժամանակներում էլ եղել է զարգացած երկրների առաջնային ցուցանիշը, դրանով է պայմանավորվում պետությունների զարգացածության մակարդակը: Այդ խնդիրն առաջատար պետությունները լուծում են ծնելիության խթանմամբ եւ միգրացիոն ներհոսքը խրախուսելու գործողություններով: Մարդկային կապիտալն է, որ ապահովում է տնտեսության զարգացումը՝ նպաստելով նաեւ ներքին սպառման ծավալների մեծացմանը:

Հայաստանում արձանագրված այս վերջին ցուցանիշների հատկանշական կողմն այն է, որ, չնայած երկրից մեկնողների զգալի թվին, Հայաստանում ծնունդներն ավելանում են: Սա խոսում է այն մասին, որ մեկնողների այդ քանակը պայմանավորված է ժամանակավոր, ավելի շուտ՝ արտագնա աշխատանքի համար երկիրը լքողներով, որոնք միշտ էլ եղել են՝ նույնիսկ խորհրդային տարիներին:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` նախորդ տարվա սահմանափակումներից հետո արտագնա աշխատանքի մեկնողների նման հոսքը լիովին կանխատեսելի էր: Սակայն 2022 թ. խոստանում է այս առումով բավականին բարենպաստ լինել: Բանն այն է, որ կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեում նախատեսել է աննախադեպ ծավալի կապիտալ ներդրումների ծրագիր` այն հատում է 400 մլրդ դրամի շեմը: Նման թվեր չեն եղել նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Այդ ծրագրերի մեծ մասն ընդգրկելու է կապիտալ շինարարությունը: Այս պայմաններում, բնականաբար, մեծ է լինելու աշխատուժի պահանջարկը: Գործադիրն առաջնային խնդիր է դրել իրականացնել կապիտալ ծախսերի ողջ ծավալը: Աչքի առաջ ունենալով նախորդ տարիների փորձը, երբ հնարավոր չէր լինում բյուջեով նախատեսած կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնել, գործադիրն առաջիկա տարվա համար մի քանի էական քայլեր է իրականացնում:

Առաջին՝ արդեն այսօր կառավարությունը բոլոր նախարարություններին եւ պետական կառույցներին հանձնարարել է սկսել հաջորդ տարվա կապիտալ շինարարության մրցույթների նախապատրաստումն ու անցկացումը: Փորձը ցուց է տվել, որ պետական կապիտալ ծախսերը թերակատարվել են հիմնականում շինարարական ծրագրերի տենդերների կազմակերպման գործընթացում ուշացումների եւ որոշ անկատարությունների պատճառով: Եվ արդյունքում շինարարական շատ ծրագրեր հետաձգվում են՝ փոխանցվելով հաջորդ տարի:

Երկրորդ՝ կապիտալ ներդրումների չկատարման խրոնիկ դեպքերը բացառելու նպատակով էկոնոմիկայի նախարարությունում ձեւավորվել է հանրային ներդրումների կառավարման համակարգ, որի միջոցով կտրուկ բարձրացվելու է կապիտալ ծախսերի իրագործման տոկոսը՝ նաեւ բոլոր ծախսերը մի համակարգով մոնիթորինգ անելու միջոցով: Նման ծավալի պետական ներդրումը նաեւ աննախադեպ քանակով աշխատուժի կարիք կզգա, ինչն էականորեն կնվազեցնի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, նաեւ որոշակիորեն կկանխի արտագաղթը, որը Հայաստանի ժողովրդագրության հիմնական հարցն է:

Ծնելիության նման տեմպերը եւ ներքին աշխատուժի պահանջարկի մեծացումը էականորեն կնպաստեն հանրապետության ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Ծնելիության նման աճը պայմանավորված է ոչ միայն Արցախյան պատերազմով, քանզի հայտնի ճշմարտություն է, որ պատերազմներից հետո երկրներում ծնելիության աճ է գրանցվում, այլեւ այն խթանող մի քանի ծրագրերով, որոնք ընդունել է գործադիրը: Իսկ առավել արդյունավետ խթանող միջոցը յուրաքանչյուր նորածնի համար համապատասխան դրամական նպաստների հատկացումն է, որի ուղղությամբ եւս քայլեր արվում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին