Կարևոր իրադարձություններ

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

03 Նոյեմբեր, 2021 17:10
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով․
 
Այսօր հանդիպել եմ Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի և Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի հետ։
 
Շնորհակալություն հայտնելով գործընկերներիս հանդիպման նախաձեռնության համար, կրկին կարևորել եմ Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի Հանրապետության կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը: Այն մեկնարկել է ս.թ. մարտի 4-ին։ Ծրագրի բյուջեն 1,000,000 եվրո է, ծրագրի տևողությունը՝ 24 ամիս:
 
Նախարարության միջազգային համագործակցության վարչության և մասնագիտական ստորաբաժանումների առաջ խնդիր է դրված առավելագույնս ներգրավված լինել գործընթացներին և աջակցություն ցուցաբերել կողմերին։
Ցավով արձանագրել եմ նաև, որ էկոհամակարգերի զարգացման առումով այնպիսի առաջատար երկիրն, ինչպիսին Ֆինլանդիան է, Շրջակա միջավայրի նախարարության հետ այլ ընթացիկ ծրագիր չունի, ինչի ուղղությամբ պետք է ջանքեր գործադրվեն և կոնկրետ աշխատաքներ տարվեն։
 
Հայտնել եմ, որ ՀՀ կառավարությունն, ի մասնավորի Շրջակա միջավայրի նախարարության, պատրաստակամ է քննարկել ամենալայն համագործկացության ձևաչափերը՝ կանաչ տեխնոլոգիաների և կանաչ տնտեսության զարգացման, ինչպես նաև էներգետիկայի վերականգնվող աղբյուրների կիրառման ոլորտում։
 
Ուրախ կլինենք համագործակցել և փորձի փոխանակում իրականացնել նաև բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման բնագավառում։
 
Անդրադարձել եմ այս փուլում առկա բնապահպանական խնդիրներին, Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին և այն բարեփոխումներին, որոնք հետևողականության և ոլորտը կանոնակարգելու կամքի շնորհիվ հասցրել ենք կյանքի կոչել։
 
Տիկին դեսպանի հետ քննարկել ենք նաև հանրության շրջանում էկոլոգիական կրթության որակի բարելավման և բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեր քաղաքականությունը։
 
Հանդիպման ավարտին հույս եմ հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումներն ու երկկողմ ջանքերը հնարավորություն կտան շրջակա միջավայրի կառավարման ուղղություններով հետևողականորեն ամրապնդել հարաբերությունները և խորացնել համագործակցությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին