Կարևոր իրադարձություններ

Ավելացել է Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունը

03 Նոյեմբեր, 2021 16:20
Ավելացել է Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվել է «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների և ծախսերի քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը հայտնել է, որ 2022 թվականին ևս կառույցն իրականացնելու է միակ՝ «Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովում» ծրագիրը, որի համար Կառավարությունը կհատկացնի 704 մլն 600 հազ. դրամ, որի 2 տոկոսը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է:

Բյուջեի 89 տոկոսն ուղղվելու է աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը, իսկ մնացած գումարով ապահովվելու է կառույցի բնականոն գործունեությունը: Սամվել Առաքելյանի խոսքով՝ 2021 թվականին էականորեն ավելացել է Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված ՍԴ ներկայացվող դիմումների քանակով: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը կարևորել է ՍԴ-ին հատկացվող ֆինանսավորման ավելացումը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հետաքրքրվել է, թե կա՞ որևէ գնահատական, թե ՍԴ ներկայացվող դիմումներից որոնք են ձևական բնույթ կրում, որի նպատակը պարզապես ՍԴ-ի ծանրաբեռնումն է: Սամվել Առաքելյանը կոռեկտ չի համարել նման գնահատական հնչեցնել, սակայն նշել է, որ դիմումատուների հետ անհատական զրույցներում, եթե նման տպավորություն ունենա, չի վարանի իր կարծիքը հայտնել:

 

Լրահոս

Դիտել ավելին