Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի տասնյակից ավելի անդամների հետ հանդիպում-քննարկում է ունեցել

03 Նոյեմբեր, 2021 09:42
Լիլիթ Մակունցը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի տասնյակից ավելի անդամների հետ հանդիպում-քննարկում է ունեցել

Նոյեմբերի 2-ին Կոնգրեսի շենքում կայացել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի տասնյակից ավել անդամների միջև հանդիպում-քննարկում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներին Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերին մշտապես սատարելու, Կոնգրեսում հայանպաստ բանաձևերի ընդունման համար։ Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերի ընդունման, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերած ագրեսիան դատապարտելու և համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։

Դեսպան Մակունցը կոնգրեսականներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ծրագիրը, հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը և տարածաշրջանային ներկայիս անվտանգության հարցերը։ Այդ համատեքստում կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում:

Դեսպան Մակունցը ներկաների ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմին հաջորդած մարտահրավերների ու հումանիտար ճգնաժամի վրա՝ առաջնահերթ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը պատասխանել է կոնգրեսականներին հետաքրքրող հարցերին։

 

Լրահոս

Դիտել ավելին