Կարևոր իրադարձություններ

Ինչ «դիվանագիտական ջանքերի» մասին է խոսքը. «Հայաստանի Հանրապետություն»

03 Նոյեմբեր, 2021 08:17
Ինչ «դիվանագիտական ջանքերի» մասին է խոսքը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը նախօրեին Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է նաեւ Արցախի խնդիրը: Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ ասվում է. «Բայդենն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացը, կարիքավոր աֆղաններին մարդասիրական օգնության տրամադրումը, Լիբիայի ընտրությունները, իրավիճակը Արեւելյան Միջերկրական ծովում եւ դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում»։

Այստեղ ձեւակերպումը մի փոքր այլ է՝ Արցախի Հանրապետությունը ներկայացված է Հարավային Կովկաս արտահայտության ներքո, սակայն ակնհայտ է, որ խոսքը արցախյան հակամարտության մասին է, սակայն նույնիսկ այս տեսքով էլ հաղորդագրությունը խնդրահարույց է եւ հիմնարար հարցեր է առաջացնում:

Օրինաչափ հարց է ծագում՝ այդ երբվանի՞ց է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիա հրահրած, պատերազմում նաեւ իր կանոնավոր բանակի զինծառայողներով ու սիրիացի վարձկան ջիհադիստներով ներգրավված Թուրքիան դիվանագիտական ջանքեր գործադրում հակամարտության կարգավորման գործընթացում: Պակաս կարեւոր չէ նաեւ երեւույթի մեկ այլ կողմը, որ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն: Այս երկու կարեւորագույն փաստերի դիտարկման հարթության վրա առնվազն տարակուսելի է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ քննարկում է տարածաշրջանում վերջինիս «դիվանագիտական ջանքերը»:

Այսօր միջազգային հարաբերությունների օրակարգում պետք է լինի ոչ թե Թուրքիայի «դիվանագիտական ջանքերի» հարցը, այլ Արցախի ժողովրդի դեմ պատերազմ հրահրելու եւ խաղաղ բնակչության հանդեպ պատերազմական հանցանքներ գործելու Ադրբեջանի գործողություններին անմիջականորեն նրա ներգրավվածության հարցը: Այլապես կրկին հայտնվելու ենք պսեվդո-իրականության մեջ՝ իր բոլոր աղետալի հետեւանքներով: Աշխարհում ժողովուրդների դեմ կատարված բոլոր հանցագործությունների հիմնական պատճառներից են իրականության խեղաթյուրումը եւ իրական մեղավորներին չբացահայտելն ու չդատապարտելը: Էրդողանի վարչակազմը չի կարող որեւէ դիվանագիտական գործունեություն ծավալել, քանի որ եղել է 44-օրյա պատերազմի անմիջական կողմ եւ դրա առաջ աչք փակելը վերջինիս առաջ կանաչ լույս կվառի նմանատիպ այլ հանցագործ գործողությունների համար:

Դրանից բացի կա նաեւ մեկ այլ՝ վերջինիս համեմատ ավելի փոքր մի հանգամանք. եթե մի պահ պատկերացնենք, որ Թուրքիան դիվանագիտական ջանքեր է գործադրում Արցախի հարցում, ապա նա միանշանակ չի կարող անկողմնակալ լինել, քանի որ նույնիսկ հրապարակային քաղաքականության մակարդակում այս երկիրը մշտապես Ադրբեջանի քաղաքական ղեկավարության գործողությունների գլխավոր հովանավորն ու խրախուսողն է եղել:

Շեշտելով «դիվանագիտական ջանքեր» եզրույթը՝ եթե Սպիտակ տունը ցանկանում է Թուրքիային հետ պահել նոր նախահարձակ ռազմական գործողություններից եւ պատերազմական հանցագործություններց, ապա այդ համատեքստում ձեւակերպումն ինչ-որ կերպ ընկալելի կլիներ: ԱՄՆ-ը իր այդ քայլով թերեւս փորձում է Թուրքիային հիշեցնել, որ բացի ռազմական ագրեսիայից կա նաեւ այլ՝ ժողովուրդների հետ հարաբերվելու դիվանագիտական հարթակ, բայց այդ ձգտումները հեռու են կյանքի կոչվելուց՝ վերեւում թվարկված հայտնի պատճառներով:

Արցախի Հանրապետության շուրջ ձեւավորված իրավիճակի հանգուցալուծմանը հասնելու արագ եւ արդյունավետ ճանապարհը դերակատարներին ու իրադարձություններին իրական գնահատական տալն է: Երկակի ստանդարտներով եւ կեղծ իրականության մատուցմամբ այս կարեւորագույն ու նուրբ խնդիրն ավելի կխորացվի՝ տեւական ժամանակով հետաձգելով հիմնարար լուծումներին հասնելը, ինչն էլ իր հերթին հղի է ապակայունացման հերթական վտանգներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին