Կարևոր իրադարձություններ

ԲՏԱ նախարարության բյուջետային հատկացումներն ու ծրագրերն օրենսդիրների քննարկման առանցքում են

02 Նոյեմբեր, 2021 15:03
ԲՏԱ նախարարության բյուջետային հատկացումներն ու ծրագրերն օրենսդիրների քննարկման առանցքում են

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջետային հատկացումներն ու նախատեսված ծրագրերը քննարկվել են ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում:

Նախագծով նախարարությանը հատկացվելիք 21,3 մլրդ դրամից 5,2 մլրդ դրամը կուղղվի պաշտպանության բնագավառում գիտական եւ գիտատեխնիկական նպատակային հետազոտություններին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը տեղեկացրել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ թվայնացման բնագավառում 12,6 մլրդ դրամի շրջանակում կիրականացվի արդյունաբերության, էկոհամակարգի, շուկայի զարգացման եւ թվայնացման ծրագիր:

ԵՄ համատեղ ֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել թվայնացման 6 միջոցառում՝ 1,7 մլրդ դրամի շրջանակում: Մշակվում են թվայնացման ստանդարտներ, որի համար հատկացվելու է 105 մլն դրամ: Նախարարի խոսքով՝ պետական կառավարման թվայնացումը նախատեսվում է իրականացնել ինստիտուցիոնալ մոտեցմամբ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կհանդիսանա թվայնացման գծով մասնագիտացված կառույց:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում կհատկացվի շուրջ 9,7 մլրդ դրամ: Հեռահաղորդակցության ոլորտում կապի ծառայությունների եւ ենթակառուցվածքների կատարելագործման նպատակով նախատեսվում է տրամադրել 2,5 միլիարդ դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին