Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԻ նախարարությունը սկսել է համագործակցել Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի հետ

02 Նոյեմբեր, 2021 14:40
ՀՀ ԱԻ նախարարությունը սկսել է համագործակցել Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի հետ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփել է հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմենուհի Գրիգորյանը, «Տեխնիկական անվտանգության ազգայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանը, Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը: Նույն վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ Արա Ասլանյանը ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության և Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի միջև ստեղծված համագործակցությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Խարտիան՝ աշխարհի տարբեր երկրների տիեզերական գործունեություն իրականացնող գործակալությունների և կազմակերպությունների միջև համաձայնություն է, որն աղետների ժամանակ արձագանքման գործողություններին աջակցելու նպատակով պետությունների համապատասխան մարմիններին արբանյակային տեղեկատվության անհատույց հասանելիություն է ապահովում (բարձր լուծաչափի լուսանկարներ, քարտեզներ և այլն):

Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիան հիմնադրվել է 1999թ., փաստացի գործունեությունը սկսել է 2000թ. նոյեմբերի 1-ից: Այն ներկայումս ունի 17 անդամներ (ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան, Բրազիլիա և այլն), 19 աջակցող կազմակերպություններ, 61 արբանյակներ, ավելի քան 50 տարվա տեղեկատվական բազա, առ այսօր իրականացրել է 734 ակտիվացումներ 129 երկրների համար:

Լիազորված օգտատեր դառնալու խնդրանքով՝ ԱԻ նախարարը 2020 թվականի դեկտեմբերի 29-ին դիմել էր Խարտիային: Խարտիայի Լիազորված օգտատեր լինելը ԱԻՆ-ին մի շարք հնարավորություններ է տալիս. օրինակ՝ աղետի կամ արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում ուղղակիորեն դիմել Խարտիային՝ արձագանքման գործընթացներին աջակցության համար, ինչպես նաև տեղեկատվություն ստանալ և փոխանցել դրանց անհրաժեշտությունն ունեցող այլ օգտատերերի, որոնք ներգրավված կլինեն տվյալ աղետին արձագանքման գործընթացներում (Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության և գիտության նախարարություններ և այլն):

Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը Պետական ռեզերվների ստեղծման 90-ամյակի առթիվ, ինչպես նաև երկարամյա ակտիվ համագործակցություն ցուցաբերելու համար «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներ է հանձնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին, Պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, «Գրեյն Միլլ» ՍՊԸ-ի ցորենի նյութական պատասխանատու Իվան Մոսոյանին, «Անուշ լինի» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիանա Պիտինյանին: Նախարարը շնորհավորել է պարգևատրվածներին՝ ընդգծելով Պետական ռեզերվների գործունեության կարևորությունը և իրականացվող հայրենանվեր աշխատանքը:

 

Լրահոս

Դիտել ավելին