Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ փոխնախարարը ֆրանսիական կողմին է ներկայացրել համայնքային ճանապարհների բարելավման ուղղությամբ հայկական կողմի առաջարկները

02 Նոյեմբեր, 2021 14:19
ՏԿԵ փոխնախարարը ֆրանսիական կողմին է ներկայացրել համայնքային ճանապարհների բարելավման ուղղությամբ հայկական կողմի առաջարկները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանը ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը`տրանսպորտային ծրագրերի գլխավոր ինժեներ Առնո Դեմարշելիեի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել ենթակառուցվածքների զարգացման և համայնքային ճանապարհների բարելավման ուղղությամբ հայկական կողմի առաջարկները, որոնք մայիսին ներկայացվել էին հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբին:

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ողջունելով հյուրերին՝ իր պատրաստակամությունն է հայտնել քննարկել ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախարարության առաջարկները և ֆրանսիական կողմի հետ փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան արագընթաց գնացքի երթուղուն և Վանաձորից Ֆիոլետովո մոտ 40 կմ երկաթուղային նոր գծի կառուցմանը:

Քննարկվել են ծրագրի տեխնիկական հնարավորություններին, ֆինանսատնտեսական առումով նպատակահարմարությանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆրանսիական կողմին հետաքրքրող հարցերը դիտարկել Ա․Դեմարշելիեի հաջորդ այցի ընթացքում`տեղում այցելություն կազմակերպելով:

Անդրադարձ է կատարվել գյուղական ճանապարհների բարեկարգման նախագծին: Ճանապարհաշինության ոլորտը համակարգող ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է Հայաստանում գյուղական ճանապարհների կարիքները, ընդգծելով, որ որպես համայնքներում կյանքի որակի վրա անմիջականորեն ազդեցություն ունեցող ոլորտ, այն շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների ցանկում: Ք. Ղալեչյանը նշել է, որ վերջին տարիներին ճանապարհաշինական աշխատանքները հիմնականում ուղղված են եղել հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների վերանորոգմանը, ներկայումս արդիական է դարձել տեղական նշանակության ճանապարհների բարեկարգման հարցը:
Նրա խոսքով` ՀԲ-ի 2018-2019 թթ. հետազոտության արդյունքներով` Հայաստանի տեղական նշանակության 3806 կմ ճանապարհներից միայն 42 տոկոսն է ասֆալտապատ, և միայն 26 տոկոսն է լավ վիճակում, այս առումով կառավարությունը բաց է տարբեր ձևաչափով համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները նշել են, որ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ գյուղական ճանապարհների ոլորտը, իրենց հետաքրքրությունների շրջանակում է, և պատրաստ են համագործակցել թե՛ ՀԲ-ի ծրագրերի շրջանակում, որի հետ ՀՀ կառավարությունն արդյունավետ համագործակցության փորձ ունի, և թե՛ երկկողմ ձևաչափով:

 

Լրահոս

Դիտել ավելին