Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Բացվել է «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը

01 Նոյեմբեր, 2021 18:24
Բացվել է «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացվել է հայ նկարիչների «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ օրը նշանակալի է, քանի որ ամփոփվում է երկար ամիսների աշխատանքը, և նոր գաղափարների և ծրագրերի հիմք է դրվում:

«Նկարիչների միությունը կարևորում է նմանօրինակ համագործակցությունները տարբեր հաստատությունների հետ, քանի որ այսպիսի գործակցության արդյունքում է, որ կարողանում ենք գտնել նոր կապեր, նոր հարթակներ երկու երկրների արվեստագետների փորձի փոխանակման, միմյանց հետ ցուցադրվելու, բարեկամանալու: Այսօրվա մեր ցուցահանդեսը դրա վառ ապացույցն է. տարբեր տարիքի հայ նկարիչներ պատկերել են Իրանն իրենց պատկերացումներով, գրականության միջոցով: Այնուհետև 7 մասնակից նկարիչներ հնարավորություն կստանան մեկնելու Թեհրան, իրենց աչքերով տեսնելու և ստացած տպավորություններով և նյութերով Հայաստանում ստեղծագործելու արդեն նոր ցուցահանդեսի համար»,- նշել է Սուրեն Սաֆարյանը և հավելել, որ բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի հետ, ով պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրերը դարձնել շարունակական:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել կողմերին նման ցուցադրություն կազմակերպելու համար և ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները գալիս են դարերի խորքից, որոնք եղել են ջերմ և բարեկամական: Դեսպանը կարևորել է երկու երկրների կողմից փոխադարձ ճանաչողության մակարդակի բարձրացումը և այդպիսի ցուցադրությունների կազմակերպումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նույնպես շնորհավորել է ներկաներին ցուցադրության բացման կապակցությամբ և նշել, որ ցուցադրությունը բավականին ինքնատիպ է, քանի որ հայ նկարիչները պատկերել են այն Իրանի պատկերը, որը ձևավորվել է գրականության, երաժշտության և մշակույթի այլ ոլորտների ազդեցությամբ, և առաջիկայում մեր արվեստագետներին հնարավորություն կտրվի հենց Իրանում ճանաչել Իրանը:

«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջին շրջանում մեր մշակութային կապերն ակտիվանում են. տարեսկզբին Գեղագիտության ազգային կենտրոնը Մեղրիում իրականացրեց համատեղ ծրագիր, վերջերս տեղի ունեցավ իրանական ֆիլմերի ցուցադրություն՝ լեփ-լեցուն դահլիճով, և այսօր մենք բացում ենք այս հրաշալի ցուցադրությունը»,- նշել է Արա Խզմալյանը և կարևորել հասարակական կառույցների միջև երկուստեք համագործակցությունը:

Ողջունելով արվեստասերներին՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբան շնորհակալություն է հայտնել համատեղ ցուցադրության կազմակերպման համար և հավելել, որ նկարիչները պրոֆեսիոնալ կերպով ներկայացրել են Իրանի հարուստ մշակույթը:

Նշենք, որ ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել հուշագրի ստորագրում Հայաստանի նկարիչների միության և Իրանի Իսլամական Հանրապետության նկարիչ արվեստագետների միության միջև:

Լրահոս

Դիտել ավելին