Կարևոր իրադարձություններ

Համագործակցության նոր հեռանկարներ «ՀայՓոստի» և Մայր բուհի միջև

01 Նոյեմբեր, 2021 17:09
Համագործակցության նոր հեռանկարներ «ՀայՓոստի» և Մայր բուհի միջև

«ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նոյեմբերի 1-ին ստորագրել են համագործակցության հուշագիր: Այն միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը:

ԵՊՀ-ն և «ՀայՓոստը» տարիներ շարունակ ակտիվ համագործակցում են, ինչի արդյունքում ուսանողներին և շրջանավարտներին արվել են բազմաթիվ աշխատանքային և պրակտիկայի առաջարկներ:

«Շնորհակալ ենք ԵՊՀ-ին այս նոր համագործակցության համար, որով մեր ուսանողները հնարավորություն կունենան «ՀայՓոստի» նման խոշոր ընկերությունում ստանալ պրակտիկ, խոր գիտելիքներ ոլորտի պրոֆեսիոնալ մեր աշխատակիցների կողմից: Պրակտիկա անցած լավագույն ուսանողները կարող են աշխատանքի անցնել և սկսել իրենց կարիերան մեր մեծ և արագ տեմպերով զարգացող ընկերությունում»,- նշեց «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

«Ուրախ ենք ողջունելու ձեզ ԵՊՀ-ում: Մայր բուհը շատ է կարևորում գործատուների և մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: Հաշվի առնելով այն, որ ուսանողները բուհում հիմնականում տեսական գիտելիքներ են ստանում, առաջնահերթ է դառնում այդ գիտելիքների՝ փորձով հարստացման, հմտությունների ձեռքբերման և գործարկման հարցը: Վստահ եմ, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու»,- ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը և արդյունավետ համագործակցություն մաղթեց բոլորին:

ՀայՓոստի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Լիդիա Ղազարյանի խոսքով. ««ՀայՓոստի» համագործակցությունը Հայաստանի մայր բուհի հետ շատ կարևոր է մեզ համար: Այն ոչ միայն լավ ու որակյալ աշխատանքով կապահովի նորավարտներին, այնպես էլ կբարձրացնի «ՀայՓոստի» կադրերի որակը»:

Հուշագրով ամրագրվեցին ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաների անցկացումը, ինչպես նաև բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը «ՀայՓոստ» ՓԲԸ-ում։

Կողմերը համատեղ քննարկեցին և նախատեսեցին մշակել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափեր` կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին