Մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Կորիզ» համադպրոցական մրցույթի մրցանակաբաշխությունը:
«Կորիզ» կրթական ծրագրի շուրջ հավաքվել էին 30-ից ավելի ընկերություններ, հեղինակավոր մարդիկ:
«Մենք միասին երկու գլխավոր առաքելություն ունենք՝ խրախուսել երեխաների կրթվելու մղումը, որպեսզի երեխաները տեսնեն՝ գիտելիքի, կրթության, տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է մեծ հաջողությունների հասնել: Երկրորդը՝ մեծարենք ուսուցչին, որովհետև ուսուցիչներն են, որ անում են ամեն ինչ, որպեսզի մեր ապագա սերունդները լինեն լավը, պատրաստված, և մենք ունենանք լավ հայրենիք: Սա իրական տոն է՝ աշակերտների և ուսուցիչների համար» ,- ասաց «Կորիզ» մրցույթի հեղինակ, Dasaran.am կրթական ծրագրի ղեկավար Սուրեն Ալոյանը:
«Կորիզ» մրցույթին մասնակցել է 6300 աշակերտ՝ Հայաստանից և Արցախից, ընդհանուր առմամբ՝ ընտրվել են մոտ 100 աշակերտներ, որից 5-12 դասարանների աշակերտների մեջ ընտրվեցին 10 լավագույն աշակերտները, որոնց էլ յուրաքանչյուր դասարանից ընտրվեցին լավագույն երեք աշակերտները:
Առաջին երկրորդ և երրորդ տեղը զբաղեցնող աշակերտներին, համապատասխանաբար, տրվեցին նոութբուք, պլանշետ և բջջային հեռախոս: Խրախուսական նվերներ տրվեցին նաև 10 լավագույն աշակերտներին:
Մրցույթի գործընկեր կազմակերպությունների կողմից նվերներ տրվեցին նաև ուսուցիչներին և դպրոցի տնօրեններին: