Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Ոչ աշխատանքային պահպանե՛լ նաև հունվարի 5-ը և 7-ը․ Մայր Աթոռը դիմում է ԱԺ-ին

30 Հոկտեմբեր, 2021 13:17
Ոչ աշխատանքային պահպանե՛լ նաև հունվարի 5-ը և 7-ը․ Մայր Աթոռը դիմում է ԱԺ-ին
Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում քննարկվեցին հոգևոր-ազգային, եկեղեցական, հովվական և ներքին կազմակերպական մի շարք հարցեր:
 
Առանձին քննարկման նյութ դարձան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող հոգևոր-խնամատարական գործունեությունը, ռազմագերիների վերադարձման, անհայտ կորածների հայտնաբերման խնդիրները, զոհվածների աճյունների նույնականացման և հուղարկավորության հետ առնչվող հարցերը:
 
Անդրադարձ եղավ նաև ՀՀ Ազգային Ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների վերաբերյալ նախաձեռնված փոփոխություններին։ Այս կապակցությամբ ժողովն արձանագրեց․
«Կարևորում ենք պետական տոնացույցում ազգային, հոգևոր ու պետական տոների և հիշատակի օրերի պատշաճ ներկայացվածությունը, քանզի մեր հոգևոր ու մշակութային արժեքները, ազգային դիմագիծն ու ձգտումները արտահայտվում են նաև տոների և հիշատակի օրերի խորհուրդներում:
 
Հատկանշական է, որ շատ երկրներում, որոնց թվում՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան և հարևան Վրաստանը, պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%)՝ եկեղեցական տոներ են։ Մինչդեռ քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում՝ միայն 19% է եկեղեցական:
 
Այսու դիմում ենք Ազգային Ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր, հատկապես, երբ արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում։
 
Լիահույս ենք, որ ընդառաջ մեր ժողովրդի բարեպաշտ զգացումներին և աղոթքի ու մխիթարության հոգևոր կարիքներին՝ Ազգային Ժողովի կողմից նկատի կառնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սույն առաջարկը»:

Լրահոս

Դիտել ավելին