Կարևոր իրադարձություններ

Բյուրականում հրդեհաշիջման աշխատանքներին հետևել են ԱԻՆ և ՇՄ նախարարները

29 Հոկտեմբեր, 2021 22:00
Բյուրականում հրդեհաշիջման աշխատանքներին հետևել են ԱԻՆ և ՇՄ նախարարները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 29-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Խոշոր անտառային հրդեհների մարման առանձնահատկությունները և հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարումը, մարտավարության ձևերի և մեթոդների կիրառումը» թեմայով ուսումնավարժանք: Այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից:

Մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայությունը, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ, ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչությունը, ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժինը, Արագածոտնի մարզի անտառտնտեսությունը, Բյուրական և Անտառուտ համայնքների բնակչությունը: Աշխատանքներին ներգրավվել են 80 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 22 աշխատակից, համայնքների կամավորական խմբերից 10 մարդ, 4 հրշեջ ավտոմեքենա, 5 հատուկ տեխնիկա, 3 անօդաչու թռչող սարք, 7 օժանդակ տեխնիկա, 5 անձնական մեքենա և սկզբնական հրդեհաշիջման միջոցներ:

Սցենարի համաձայն անտառպետության հարավ-արևելյան հատվածում հրդեհ էր բռնկվել: Մարման աշխատանքները սկզբնական փուլում կազմակերպվել էր անտառտնտեսության ուժերով ու միջոցներով, սակայն չի հաջողվում մարել հրդեհը, որը քամու ուժգնության պայմաններում արագ տարածվել է ծառերի վերգետնյա մասերով: Այդ մասին ահազանգ է փոխանցվում Արագածոտնի ՄՓՎ ՃԿԿ «911» ահազանգման կենտրոն:

ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի որոշման համաձայն ծավալվել է ղեկավարման շտաբ, որոշում է կայացվել հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել նաև ՓԾ ՀՆՓԱԻԿ-ին, ՓԾ ՀԱԲ-ին, ՓԾ բուժծառայությանը և մոտակա համայնքների բնակչությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ՀՀ Պաշտպանության նախարարության և ոստիկանության ստորաբաժանումներին:

Անտառի անվտանգ տեղամասում ծավալվել է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվել են լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ուսումնավարժության նպատակն էր ամրապնդել հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի գիտելիքները խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման ուղղությամբ, կատարելագործել գիտելիքները և փորձը արձագանքող ուժերի միջև փոխգործակցության կազմակերպման և գործողությունների ներդաշնակեցման առումով:

Վարժանքին հետևել են Արտակարգ իրավիճակների և Շրջակա միջավայրի նախարարներ՝ Անդրանիկ Փիլոյանը և Ռոմանոս Պետրոսյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը:

Ա. Փիլոյանը նշել է, որ անձնակազմը լիովին կատարել է իր առջև դրված խնդիրը: Ռոմանոս Պետրոսյանը ևս կարևորում է նման վարժանքների անցկացումը, քանի որ կանաչ գոտիների պահպանության գործում մեծ է նաև ԱԻՆ-ի դերը:

Վարժանքի մասնակիցները Բյուրականի անտառպետության տարածքում նաև մասնակցել են միասնական ծառատունկի:

 

Լրահոս

Դիտել ավելին