Կարևոր իրադարձություններ

Մինսկի խումբը չի ձևավորվել որևէ մեկի ցանկությամբ. Անդրանիկ Քոչարյան

29 Հոկտեմբեր, 2021 14:49
Մինսկի խումբը չի ձևավորվել որևէ մեկի ցանկությամբ. Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը դուրս է մղում Մինսկի խմբի համանախագահներին եւ փորձում է միայնակ լուծել խնդիրը, կարծիք է հայտնել, որ այդպես չի կարող լինել: «Մինսկի խումբը չի ձեւավորվել որեւէ մեկի ցանկությամբ: Այն ձեւավորվել է տարիներ առաջ կոնկրետ խնդրի առնչությամբ: Այդ խնդիրն այսօր էլ առկա է, եւ Մինսկի խումբը գործում է: Ինչ վերաբերում է մեր անվտանգային խնդիրներին Ռուսաստանի մասնակցությանը, ապա մի մոռացեք, որ հրադադարի ռեժիմը եռակողմ փաստաթղթի հիման վրա է, որտեղ Ռուսաստանը ծանրակշիռ ներկայություն ունի»,-ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը:

Խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ խոսել է այն լուրերի մասին, թե իբր խոսքի ազատությունը սահմանափակող կարգավորումներ են ընդունվում, այդ թվում՝ ԶԼՄ գործունեությանը վերաբերող օրենքը: Լրատվամիջոցներին ու խոսքի ազատությունը ճնշելու վերաբերյալ մեղադրանքները պատգամավորը անհիմն է համարել:

Պատգամավորի համոզմամբ՝ գործ ունենք արհեստական աղմուկի հետ, որը բարձրացնում են անբարեխիղճ լրատվությամբ զբաղվող մարդիկ: «Մենք մանրամասն բացատրում ենք փոփոխությունների տրամաբանությունը, թե ինչի համար են դրանք արվում: Սահմանադրական դատարան ՄԻ պաշտպանի դիմումների մասով գործ ունենք իրավական գործընթացի հետ: Պետք է սպասենք գործընթացի ավարտին»,-ասել է նա:

Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ խոսքի ազատությունը, լրագրողների իրավունքների պաշտպանությունը մեր երկրի ժողովրդավարության ամենակարեւոր ցուցիչներից են: Նա հավելել է, որ ժողովրդավարությունը մեր երկրում այսօր պաշտպանության կարիք ունի, քանի որ մենք գործ ունենք նաեւ ռեւանշիստական ուժերի հետ, որոնք հարվածի տակ են դնում ժողովրդավարական ինստիտուտները:

 

Լրահոս

Դիտել ավելին