Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները պարզել են Աբովյան փողոցում մահացու կրակոց արձակած անձի ինքնությունը (տեսանյութ)

28 Հոկտեմբեր, 2021 16:20
Ոստիկանները պարզել են Աբովյան փողոցում մահացու կրակոց արձակած անձի ինքնությունը (տեսանյութ)

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 2։30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Աբովյան փողոցի սրճարաններից մեկի մոտ հրազենային վնասվածքով քաղաքացի կա: Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ահազանգեր ստացվեցին նաև «1-ին համալսարանական» հիվանդանոցից. մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներով 23 և 24 տարեկան երկու երիտասարդ էին բուժօգնության տեղափոխվել, որոնցից մեկն Էջմիածին քաղաքի բնակիչ էր, մյուսը՝ Առինջ գյուղի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Օպերատիվ խմբի մի մասն Աբովյան փողոց, մյուսները բժշկական կենտրոն մեկնեցին։ Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, պոլիէթիլենային տոպրակով հագուստ, պարկուճներ ու գնդակներ:
Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում մի խումբ երիտասարդներ վիճել էին տուժողների հետ, ինչը շարունակվել էր նաև դրսում, և վեճի մասնակիցներից 24-ամյա մի երիտասարդ, որ Գյուլիքևխյան փողոցի բնակիչ է, հրազենով կրակել էր տուժողների ուղղությամբ:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Սեպտեմբերի 26-ի երեկոյան «1-ին համալսարանական» հիվանդանոցից նոր ահազանգ ստացվեց. ժամը 21։30-ի սահմաններում տուժողներից մեկը հիվանդանոցում մահացել էր:

Հոկտեմբերի 9-ին Գյուլիքևխյան փողոցի 24-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին հայտնաբերեցին առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող երիտասարդին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին