Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Սինգապուրի ռեզիդենտները հնարավորություն կունենան ազատվել կրկնակի հարկումից

28 Հոկտեմբեր, 2021 14:30
Հայաստանի և Սինգապուրի ռեզիդենտները հնարավորություն կունենան ազատվել կրկնակի հարկումից

ՀՀ ազգային ժողովը քննարկեց  Հայաստանի և Սինգապուրի միջև նոր համաձայնագիր, որով նախատեսվում է երկու երկրների ռեզիդենտ կազմակերպությունների համար բացառել կրկնակի հարկումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Հետապնդվում է 3 հիմնական նպատակ,առաջին՝ հնարավորություն ընձեռել, որ գործուն մեխանիզմներով 2 երկրների ռեզիդենտները հնարավորություն ունենան ազատվել կրկնակի հարկումից: Երկրորդ՝ առաջարկվում են ավելի նվազ դրույքաչափեր, քան համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների ազգային օրենսդրությամբ սահմանված հարկման դրույքաչափերն են: Ակնկալվում է փոխադարձաբար խրախուսել ձեռնարկատիրական գործունեության իրականացումը: Եվ երրորդ՝ ստեղծել ավելի կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր»,- նշեց Պողոսյանը:

Սակայն հիմնական կանոնից նաև բացառություններ կան: Առաջինը վերաբերում է ձեռնարկատիրական եկամուտներին: Եթե պայմանավորվող կողմի ռեզիդենտի ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է մյուս պայմանավորվող պետությունում մշտական հաստատության ձևավորմամբ, ապա այդ դեպքում հյուրընկալող երկիրն իրավունք է ստանում հարկել այդ ձեռնարկատիրական եկամուտները, իսկ եթե ոչ՝ ապա միայն ռեզիդենտության երկիրն է այդ հնարավորությունը ստանում: Պասիվ եկամուտների դեպքում նաև նախապատվության իրավունքը տրված է վճարման աղբյուր համարվող երկրին, և գործնականում երկրներն օգտվում են իրենց այս նախապատվության իրավունքից:

Պասիվ եկամուտներից տոկոսների, ռոյալթիների համար նախատեսված է ազգային օրենսդրությամբ սահմանված 10 տոկոսի համեմատությամբ ավելի ցածր՝ 5 տոկոս դրույքաչափ, շահաբաժինների պարագայում՝ 0 տոկոս:

Այսպիսով, համաձայնագիրը նպատակ ունի բացառել կրկնակի հարկումը պետություններից մեկում կամ երկուսում հարկման ենթակա անձանց կամ ընկերությունների ծավալած գործունեությունից ստացվող եկամուտներից գանձվող հարկերի առնչությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին