Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Մենք չպետք է գնանք լոքդաունների. Նիկոլ Փաշինյան

28 Հոկտեմբեր, 2021 14:22
Մենք չպետք է գնանք լոքդաունների. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին, որի վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել Առողջապահության նախարարը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից:

Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգին անցնելը, պիտի ցավով արձանագրեմ, որ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ լարված է: Կխնդրեի՝ Առողջապահության նախարար տիկին Ավանեսյանը ներկայացներ մեր վերջին տվյալները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Շնորհակալություն: Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, երեկ իրականացվել է 15 818 թեստավորում, որից դրական դեպք հայտնաբերվել է 2307-ը: Ցավոք, արձանագրվել է 38 մահ: Ունենք 962 առողջացած քաղաքացի: Այս պահին Հայաստանի Հանրապետությունում մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են քովիդ-պացիենտներին: Ընդհանուր առմամբ, 3050 մահճակալ այս պահին գործնականում անընդհատ զբաղված է: Ունենք ծանր վիճակում գտնվող 1088, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 307 և թոքային օդափոխության սարքերին միացված 152 քաղաքացի: Պետք է նշեմ, որ այս շտամի առանձնահատկությունն է, որ այն թե՛ հիվանդության ընթացքի ծանրության, թե՛ վարակելիության և թե՛ տարիքային առումով, իսկապես, մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում է դնում: Ցավով արձանագրեմ, որ այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ, և այս պահին էլ ունենք 122 հղի կին, ովքեր հոսպիտալացված են. 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են:

Պարոն վարչապետ, թույլ տվեք ներկայացնել նաև, թե այս հիվանդացության պատկերում ինչ համամասնություն ունեն պատվաստում ստացած քաղաքացիները: Ներկայացնեմ, որ, ընդհանուր առմամբ, այս պահին դրական ակտիվ դեպքերի 30 433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիներն ընդամենը 1702-ն են: Հոսպիտալացված մոտ 3100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվն ընդամենը 96-ն է, վերակենդանացման բաժանմունքում գտնվողների մեջ ունենք ընդամենը 5 հոգի, ովքեր պատվաստված են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տոկոսային հարաբերություններով ասենք՝ 3 տոկոս, այսինքն՝ 30 000 դրականների մեջ 1700-ը պատվաստված են:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Եվ հոսպիտալացվածների մեջ 3100-ից ընդամենը 96-ն են: Վերակենդանացման բաժանմունքում ընդամենը 5-ն են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Քանի՞ հոգի ունենք վերակենդանացման բաժանմունքում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Վերակենդանացման բաժանմունքում ունենք 1500 քաղաքացի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Վերակենդանացման բաժանմունքում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այո: Ծանր վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում, այսինքն՝ թթվածնային կախյալ վիճակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների պարագայում ընդհանրապես 0.5 տոկոս է կազմում պատվաստված քաղաքացիների թիվը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի գործընկերներ, այստեղ շատ կարևոր է արձանագրել, թե մեր ռազմավարական պատկերացումն իրավիճակի կառավարման հետ կապված որն է: Իհարկե, այսօր երկրներ կան, որոնք առնվազն հատվածական ստիպված են լինում վերադառնալ լոքդաունի տրամաբանության:

Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների և պետք է 2 ուղղությամբ աշխատենք: Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումը, և չի բացառվում, որ այստեղ նոր որոշումներ կայացնենք: Ընդ որում՝ չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր, նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը: Ինչի՞ համար: Խնդիրը ոչ թե այն է, որ բաց տարածքներում վարակելիության խնդիր կա, այլ երբ դիմակ կրելու ընդհանուր պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերհսկել: Որովհետև եթե առանց դիմակի մարդ կա, նշանակում է՝ Ոստիկանության և Տեսչական մարմինների համար աշխատանքն ավելի կհեշտանա: Սա քննարկում ենք, և չեմ բացառում, որ որոշում կկայացնենք, որովհետև, ենթադրենք, շատ դեպքերում մարդը փակ տարածքում դիմակ չի կրում կամ ենթադրենք ասում է, որ դուրս էի գալիս, դրսում պետք է լինեի, դրա համար ներսում դիմակ չէի կրել և այլն:

Բայց առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են: Մեր կառավարությանը հաջողվել է, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ և նաև ստացած խոշոր նվիրատվությունների շնորհիվ, չնայած նվիրատվությունները չլինեին էլ, մենք պլանավորել էինք ձեռք բերել՝ մենք այսօր ունենք Հայաստանի բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր, և մեր ռազմավարությունը պետք է լինի գնալ պատվաստումների ուղղությամբ:

Չգիտեմ՝ որքանով է պատեհ կիսվել անձնական փորձառությամբ, բայց, հաշվի առնելով իրադրության ընթացիկ վիճակը, ուզում եմ կիսվել անձնական փորձառությամբ՝ պատասխանելու համար այն հարցին՝ որքանո՞վ է պատվաստանյութն արդյունավետ, որքանո՞վ՝ ոչ, որովհետև բանավեճ կա: Ուզում եմ մեր ընտանիքի օրինակի հետ կապված իրավիճակ ներկայացնել. նախկինում ասել եմ, որ մեր ընտանիքի 6 անդամներից ավագները, այսինքն՝ մենք պատվաստվել ենք, բացի երկու երեխաներից, որոնք 18 տարեկանից ցածր են: Ընտանիքի մնացած անդամներով պատվաստված ենք: Վերջերս պատահեց այնպես, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց, և մենք դրա մասին իմացանք բավական ուշ՝ տեղի ունեցածից մոտավորապես մեկ շաբաթ անց: Եվ բնական է՝ 14-ամյա երեխա, ամեն օր ընտանիքում շփում, թե այդ շփումը որքան սերտ է լինում, գիտենք յուրաքանչյուրս՝ յուրաքանչյուր հայկական ընտանիքում ընդունված ավանդույթներին համապատասխան: Մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ ոք չվարակվեց կորոնավիրուսով: Չնայած, մյուս կողմից, գիտենք, որ կարող էինք նաև վարակվել, որովհետև պատվաստանյութը 100 տոկոսով չի երաշխավորում: Ընդ որում՝ մեր ընտանիքի անդամները պատվաստված են տարբեր պատվաստանյութերով, մեկ պատվաստանյութի մասին չէ, որ ասենք՝ այս մեկը վստահաբար արդյունավետ է: Այսինքն՝ մեր ընտանիքի այն անդամները, որոնք պատվաստված էին, չվարակվեցինք: Երեխան լավացավ, արդեն կորոնավիրուսն անցավ, և մենք չվարակվեցինք կորոնավիրուսով: Մենք մեր կոնկրետ օրինակով տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը: Եվ, հետևաբար, մեր ռազմավարությունն այս իրավիճակում - այսինքն՝ սրանից չենք բխեցնում, սրանից առաջ էլ էինք այդ որոշումը կայացրել, սա ուղղակի փոքր փաստ, որը համոզմունք է տալիս, որ դա ճիշտ ճանապարհ է - մենք պետք է դիմակների կրման պայմանները խստացնենք և երկրորդը՝ գնանք պատվաստումների ծավալն ընդլայնելու ճանապարհով:

Հիմա կարողություններ ունենք, նախորդ օրը, կարծեմ, նույնիսկ 23 000 պատվաստում ենք իրականացրել: Իհարկե, գիտենք, որ, այնուամենայնիվ, որոշ չարաշահումներ և կեղծիքներ թույլ են տրվում: Ցավոք, այս պահի դրությամբ, և ես սա ցավով եմ ասում՝ մենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ ունենք քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված, ունենք կալանավորված անձինք, եթե չեմ սխալվում՝ 6 հոգի, պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար: Ամենացավալին այն է, որ մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութեր ենք ձեռք բերում, բայց դեպքեր ունենք, երբ թուղթը տալիս են, պատվաստանյութն ուղղակի փչացնում են, այսինքն՝ բացում են սրվակը, դատարկում են, և պետական միջոցներով ու այդքան չարչարանքների գնով ձեռք բերված պատվաստանյութերը փչացնում: Այսպիսի պրակտիկա ունենք: Բայց մենք պետք է գնանք այս ճանապարհով՝ հետևողական, անհոգնել, և դիմակների կրման կանոնները խստացնելու ճանապարհով:

Ես ուզում եմ անդրադառնալ նաև այն շահարկումներին, որ լինում է ինչ-որ պետական միջոցառում, ընդունելություն, վերցնում-տարածում են ինչ-որ լուսանկար, որ տեսեք՝ պաշտոնյաները դիմակ չեն կրում: Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիք են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ ընդունելության ժամանակ սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են մարդիկ: Այսինքն՝ այս էժան շահարկումներին պետք է ուղղակի չտրվել: Պետք է այս քաղաքականությունն իրականացել: Եվ, ի վերջո, այո, պիտի հստակ ասենք, որ այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, ովքեր իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն: Շատ կոնկրետ մարդիկ և շրջանակներն այդ պատասխանատվությունը կրում են, և սա պետք է արձանագրել:

Ընթացիկ աշխատանքում մեր անելիքները շտկելու առումով. տիկին Ավանեսյան, ես տեսնում եմ խնդիր, որ շաբաթ-կիրակի օրերին մեր պատվաստումների թիվը նվազում է: Պետք է ջանք գործադրենք, որպեսզի շաբաթ-կիրակի օրերին նույնպես չնվազեն: Հասկանում եմ, որ առողջապահական համակարգը հյուծված է, հոգնած է: Մենք ճիշտ է, նեգատիվն ասում ենք, պետք է պոզիտիվն ընդգծենք. նախորդ օրը մեր գործընկերներից մեկը եղել էր վերակենդանացման 1-2 բաժանմունքում, ասում էր՝ մեր բժիշկներն արդեն նույնիսկ դժվար են ոտքի վրա կանգնում, այդ մարդիկ հյուծված են: Մեր խոնարհումը և գնահատանքը մեր բժիշկների աշխատանքին, բայց իսկապես այդ մարդկանց պետք է օգնել: Իսկ նրանց օգնելու ձևն այն է, որ այդպիսի ծանրաբեռնվածություն չունենանք հիվանդանոցներում: Սրա ձևն այն է, որ մենք բոլորս կոնկրետ 2 ուղղությամբ աշխատենք՝ դիմակների կրում և ամենակարևորը՝ պատվաստումներ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ պատվաստման 60 – 70 և ավելի տոկոս կա, այնտեղ ամենօրյա մահացությունները շատ քիչ են, և այս ամենը ցույց է տալիս, որ պետք է շարժվենք այդ ճանապարհով: Խնդրեմ, տիկին Ավանեսյան:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Իսկապես, պարոն վարչապետ, շատ շնորհակալություն: Մենք բոլորս մեր գնահատանքի և շնորհակալության խոսքն ենք հղում մեր բոլոր բուժաշխատողներին, ովքեր օր ու գիշեր անտրտունջ, անմարդկային ջանքերի շնորհիվ իսկապես պայքարում են մեր քաղաքացիների կյանքի համար: Մենք բոլորս պիտի իրենց կողքը կանգնենք՝ այս պահին մեղմելու այս իրավիճակը:

Թույլ տվեք նաև ներկայացնել միջազգային արդեն իսկ հաստատված վիճակագրական պատկերը՝ այն երկրներում, որտեղ 70 տոկոս է կազմում պատվաստումների ցուցանիշը, չպատվաստվածները 6 անգամ ավելի շատ են ախտորոշվում դրական, քան պատվաստվածները և 11 անգամ ավելի շատ են հակված ծանր տանելու հիվանդությունը և մահանալու: Մենք տեսնում ենք, որ այս պահին էլ և՛ տարածաշրջանում, և՛ ԱՄՆ-ում, և՛ բազմաթիվ երկրներում աճում է հիվանդացության կորը: Բայց այն երկրներում, որտեղ 70 տոկոսից ավելի է, հոսպիտալացման և մահացության կորը աճի շատ նվազ ցուցանիշ է արձանագրում: Կարող ենք սա արդեն որպես փաստված իրականություն ընդունել, և մեր քաղաքականությունն էլ, ինչպես ասացիք, հենված է այս փաստական հանգամանքների վրա: Այն ուղղված է օր առաջ պատվաստումների արդյունքում հանրային իմունիտետի շերտ ձևավորելուն և հիվանդացության աստիճանը մեղմելու համար հնարավորինս դիմակները կրելուն:

Եթե թույլ տաք, ևս մեկ հորդոր՝ հարգելի քաղաքացիներ, շաբաթ-կիրակի օրերին մեր պոլիկլինիկաները հերթապահում են, բաց են, բաց են նաև մեր շարժական կետերը, և քանի որ անցյալ կիրակի շատ հաջող անցավ մեր պատվաստման միջոցառումն Օպերայի բակում, այս կիրակի օրը նման միջոցառում ունենալու ենք Գյումրի քաղաքում: Այնպես որ համեցեք Գյումրի և Գյումրու մեր բնակիչներին էլ՝ ակտիվ մասնակցե՛ք, պատվաստվե՛ք և պաշտպանե՛ք ձեզ և ձեր ընտանիքներին: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իսկ Երևանում՝ Օպերայում, էլ չենք շարունակո՞ւմ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Պարոն վարչապետ, Երևանում մեր շրջիկ կետերը հենց Օպերայում չէ, այլ Հյուսիսային պողոտայում այս շաբաթ-կիրակի էլ գործելու են: Դրանք որևէ օր դադար չունեն, և պոլիկլինիկաներն էլ թե՛ շաբաթ, թե՛ կիրակի օրերին աշխատում են և պատվաստումներ իրականացնում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Կրկին գնահատանքի խոսքեր՝ մեր առողջապահական համակարգի աշխատողներին: Ընդ որում՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն ասել նաև մեր այն բուժաշխատողներին, ովքեր պատվաստումներն իրականացնում են բարեխղճորեն և քարոզչություն են անում, առողջապահական համակարգի բոլոր այն աշխատողներին, մասնագետներին, պատվաստումն իրականացնող բուժաշխատողներին, ովքեր բարեխղճորեն մարդկանց ներկայացնում են պատվաստման կարևորությունը: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Նրանք անգնահատելի աշխատանք են իրականացնում: Բայց պիտի ասեմ, որ այն բուժաշխատողները, ովքեր հակապատվաստումային քարոզչություն են իրականացնում, նաև նրանց գործունեության շնորհիվ է, որ վերակենդանացման բաժանմունքները գերծանրաբեռնված են այսօր, ցավոք: Մենք համբերատար և հետևողականորեն պետք է շարժվենք իմ նշած ճանապարհով՝ դիմակների կրման կանոնների պահպանում, անհրաժեշտության դեպքում՝ խստացում և պատվաստման տեմպերի մեծացում:

Լրահոս

Դիտել ավելին