Կարևոր իրադարձություններ

Մեր դիրքորոշումն այն է, որ երթուղիները պետք է այնուամենայնիվ խաղաղությունը խորհրդանշեն և ոչ թե կոնֆլիկտը. Նիկոլ Փաշինյան

27 Հոկտեմբեր, 2021 18:41
Մեր դիրքորոշումն այն է, որ երթուղիները պետք է այնուամենայնիվ խաղաղությունը խորհրդանշեն և ոչ թե կոնֆլիկտը. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ հարցուպատասխանի ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, ասաց.

«Կարծում եմ՝ երբ խոսք է գնում միջանցքների մասին, այդ միջանցքային տրամաբանությունները և միջանցքային հռետորիկան ավելի է խորացնում հակադրությունը, թշնամանքը, թշնամության մթնոլորտը տարածաշրջանում: Ես կարծում եմ, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով հստակ արձանագրել ենք, որ տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները պետք է բացվեն, և մենք պաշտպանում ենք այս տեսակետը: Սա նշանակում է, որ երկաթուղիները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, որոշակի հերթականությամբ պետք է սկսեն բացվել և մատչելի դառնալ տարածաշրջանի երկրների համար: Ավտոճանապարհները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել ինչ-որ մի հերթականությամբ պետք է բացվեն և մատչելի դառնան տարածաշրջանի երկրների համար: Կարծում եմ՝ նաև դա է անվտանգության կարևոր կոմպոնենտ, որովհետև, երբ տնտեսական և զուգահեռ նաև կապերը սկսում են աշխատել, դա որոշակի երաշխիք է ստեղծում՝ նաև անվտանգության և խաղաղության: Մեր ընկալումը դա է, որ մասնավորապես կոմունիկացիաների բացումը պետք է ունենա այս տրամաբանությունը և այս նպատակադրումը:

Այս հարցում, կարծես, կա համաձայնություն: Հունվարի 11-ի հայտարարությունից առաջ էլ մեծ աղմուկ եղավ, բայց այդ հայտարարության տեքստի վերաբերյալ մինչև օրս ոչ մի վերապահում չի հնչել, նորմալ կառուցողական տեքստ է: Հիմա քննարկում ենք, թե ինչ երթուղիներով պետք է դա կոնկրետ տեղի ունենա: Մեր դիրքորոշումն այն է, որ երթուղիները պետք է այնուամենայնիվ խաղաղությունը խորհրդանշեն և ոչ թե կոնֆլիկտը»:

 

Լրահոս

Դիտել ավելին