Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը հերքել է ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման և փաստաթղթերի ստորագրման մասին լուրերը

27 Հոկտեմբեր, 2021 17:42
Միրզոյանը հերքել է ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման և փաստաթղթերի ստորագրման մասին լուրերը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Սոնա Ղազարյանը անդրադարձավ վերջերս մամուլում տարածված այն լուրերին, որ նոյեմբերի 9-ին նախատասվում է հանդիպում ՀՀ վարչապետի Ադրբեջանի նախագահի միջև, ինչպես նաև փաստաթղթերի մասին տեղեկատվություն, որ Մոսկվայում նախատեսվող ստորագրվելիք փաստաթղթերը վերաբերվելու են դեմարկացիային, դելիմիտացիային և կոմունիկացիաների վերականգնմանը: 

Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ այս պահին այդ ֆորմատով որևէ հանդիպում  նախատեսված չէ:

«Այս պահին և պարբերաբար, գրեթե մշտական բնույթով քննարկվում են տարբեր ֆորմատներով՝ տարբեր հանդիպումների առաջարկներ: Ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում»,- հավելեց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը հերքեց մամուլում քննարկվող 2 փաստաթղթերի ստորագրման մասին տարածված լուրերը: «Այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում անշուշտ չի նախատեսվում: Այդ հանդիպումները մեզ համար բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն, հնարավորություններ կարող են ստեղծել՝ հասցեագրելու  հետպատերազմյան ողջ հումանիտար խնդիրների ամբողջությունը, առաջին հերթին ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց հնարավոր շուտափույթ ազատ արձակումը, նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում հայկական մշակութային ժառանգության հուշարձանների հարցը և բազմաթիվ այլ հարցեր»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Ռիա Նովոստի-ն՝ հղում անելով իր աղբյուրին, նշել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում հնարավոր է Մոսկվայում տեղի ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Իսկ Ալիք Մեդիան հայտնել էր, որ նախատեսվում է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում երկու փաստաթուղթ կստորագրեն։ Ըստ գործակալության՝ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը: Այդ փաստաթղթով կողմերը նաև ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության ԳՇ-ի քարտեզները:

Իսկ երկրորդ փաստաթուղթը վերաբերում էր տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես՝ միջանցքների, ներառյալ՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:

 

Լրահոս

Դիտել ավելին