Կարևոր իրադարձություններ

Հայաստանի կողմից համարժեք գործողությունների դիմելը պարտադրված է. «Հայաստանի Հանրապետություն»

27 Հոկտեմբեր, 2021 09:48
Հայաստանի կողմից համարժեք գործողությունների դիմելը պարտադրված է. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Նախորդ շաբաթ հայ-ռուսական միասնական ռազմական խմբավորման շրջանակներում Սյունիքի մարզում անցկացվեցին տակտիկական զորավարժություններ: Դրանց մասնակցել են ՀՀ ԶՈՒ հատուկ բանակային կորպուսի եւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները:

Զորավարժությունների հիմնական նպատակն է եղել ներդաշնակեցնել երկու երկրների ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների համատեղ հավանական ռազմական գործողությունները: Հատկանշականն այն է, որ զորավարժության հիմնական սցենարով չեզոքացվում են ՀՀ սահմանը հատած թշնամական ռազմական կազմավորումները: Մեկ շաբաթ տեւած զորավարժությունների ժամանակ խաղարկվել են մի քանի գործողություններ: Տակտիկական զորավարժություններում շեշտը դրվել է նաեւ հրամանատարական կազմի փոխգործողությունների համադրման վրա՝ խաղարկելով դաշնակից երկրների զինվորական ստորաբաժանումների գործողությունների միասնական հրամանատարության տարբերակը: Սյունիքում անցկացված մասշտաբային վարժանքներին ներգրավվել էին բոլոր հիմնական զորատեսակները, ներառյալ՝ ավիացիան եւ հրետանին:

Հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, ամփոփելով զորավարժությունների արդյունքները, հայտարարել է, որ հիմնական խնդիրը երկու երկրների զինված ուժերի ներդաշնակ գործողություններն էին, ինչին հնարավոր է եղել հասնել զորավարժությունների ժամանակ, եւ զինծառայողների առջեւ դրված բոլոր խնդիրները լուծվել են բարձր արդյունավետությամբ:

Նման համատեղ զորավարժություններն անհրաժեշտություն են Սյունիքի սահմանի հարակից հատվածներում թուրք-ադրբեջանական զորավարժությունների հաճախակի անցկացման իրողության պայմաններում: Ընդամենը երկու շաբաթ առաջ էլ Սյունիքի հարավային սահմանների մոտ զորավարժություններ էր սկսել Իրանը, որի լայնամասշտաբ ավիացիոն փուլն ավարտվեց նախորդ շաբաթվա վերջում: Այսօր Հայաստանից բացի նաեւ Իրանի եւ Ռուսաստանի առաջնային խնդիրներից են Արցախի Հանրապետության օկուպացված շրջաններում տեղակայված ահաբեկչական կազմավորումները, որոնց մի մասն այնտեղ են մնացել արցախյան 44-օրյա պատերազմից հետո, եւ վերջերս նրանց թիվը համալրվել է Աֆղանստանի «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմավորման թուրքամետ խմբավորումների զինյալներով:

Միանշանակ է, որ եւ՛ Իրանի հյուսիսում կազմակերպված աննախադեպ ծավալի զորավարժությունները, եւ՛ Սյունիքի մարզում կազմակերպված ռուս-հայկական զորվարժությունների թիրախը նույնն է՝ Անդրկովկասում հայտնված ահաբեկչական կազմավորումների զինյալները, իսկ Հայաստանի եւ Արցախի համար անվտանգային հարց է նաեւ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը, որը 44-օրյա պատերազմի պատճառ դարձավ:

Ստեղծված աշխարհաքաղաքական տեղաշարժերի պայմաններում տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու եւ արձագանքելու համար օրինաչափորեն պահանջված ձեւաչափ է նաեւ եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան զորավարժությունների կազմակերպումը: Այս տարի Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։ Հայաստանը, Ռուսաստանը եւ Իրանն իրենց համագործակցությունը սերտացնում են նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Բացի այդ Իրանն արդեն ունի Ռուսաստանի հետ համատեղ ծովային զորավարժություններ անցկացնելու փորձ, մյուս կողմից էլ այդ պետությունները սերտորեն համագործակցում են Կասպից ծովի կոնվենցիայի շուրջ: Իրանը եւ Ռուսաստանը ռազմական համագործակցության հաջող փորձ ունեն նաեւ Սիրիայում:

Տարածաշրջանային մարտահրավերները վերոհիշյալ եռյակին ստիպում են համագործակցել նաեւ Հյուսիս-Հարավ տարանցիկ առեւտրատնտեսական ճանապարհի գործարկման ուղղությամբ: Այս նախաձեռնության հիմնական շահառուներից մեկը, որը նաեւ դրա նախաձեռնողն է՝ Հնդկաստանը, լուրջ վերապահումներ ունի Ադրբեջանի մասնակցության մասով, քանի որ վերջինս մեծ թափով սերտացնում է ռազմաքաղաքական համագործակցությունը Դելիի հետ փաստացի հակամարտության մեջ գտնվող Պակիստանի հետ: Այս կարեւոր ուղու ծովային տարբերակը կարող է անցնել Իրանի տարածքով եւ Կասպից ծովով, սակայն ցամաքային ուղու նախընտրելի տարբերակը Իրան-Հայաստան-Վրաստան-ՌԴ ուղղությունն է: Դա կարող է լինել այս եռյակի ռազմական համագործակցության լրացուցիչ խթան, քանի որ ենթակառուցվածքային նման ուղին նաեւ անվտանգային լուրջ միջոցառումներ է պահանջում:

Հայաստանը կարող է իր տարածքում եռակողմ ձեւաչափով զորավարժությունների նախաձեռնությամբ հանդես գալ, որն առաջին հերթին բխում է մեր անվտանգային առաջնահերթություններից, ինչպես նաեւ՝ ՌԴ-ի եւ Իրանի շահերից: Համենայնդեպս, քանի դեռ մեր արեւելյան ու արեւմտյան սահմանակից պետությունները շարունակում են խոսել ուժի դիրքերից եւ առնվազն ամսական հաճախականությամբ իրականացնում են երկկողմ, եռակողմ զորավարժություններ՝ Հայաստանի կողմից համարժեք գործողությունների դիմելը պարտադրված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին