Կարևոր իրադարձություններ

Մշակույթը, երաժշտությունը, արվեստն այն ամուր կապերն են, որոնք միավորում են մեր ժողովուրդներին և երկրներին. Գնել Սանոսյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

26 Հոկտեմբեր, 2021 17:50
Մշակույթը, երաժշտությունը, արվեստն այն ամուր կապերն են, որոնք միավորում են մեր ժողովուրդներին և երկրներին. Գնել Սանոսյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասի հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարը նախ ողջունել է դեսպանին, ապա շնորհավորել ՀՀ-ում դեսպան նշանակվելու կապակցությամբ։

Նախարարն ընդգծել է, որ Ղազախստանի հետ առկա է լավ համագործակցություն, Հայաստան-Ղազախստան հարաբերությունները դինամիկ զարգանում են, բայց միաժամանակ առկա է չօգտագործված մեծ նորուժ, որն առաջիկայում պետք է կյանքի կոչել։

Նախարարը նշել է, որ ԵԱՏՄ տարածքում գտնվելու հանգամանքը էապես մեծացնում է առկա համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները և դրանից պետք է օգտվել ։

Դեսպան Բոլատ Իմանբաևը ևս շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ։ Նա նշել է, որ հայ և ղազախ ժողովուրդները կապված են պատմական և մշակութային ամուր կապերով։ Հայ և ղազախ ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի, և այն տարեցտարի ամրապնդվում է երկու երկրների համագործակցության զարգացմամբ: Դեսպանն ընդգծել է Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկրի գիտական, մշակութային, հասարակական քաղաքական կյանքում։

Հանդիպման ընթացքում դեսպանը նախարար Սանոսյանին է ներկայացրել Ղազախստանի տնտեսական առաջընթացի ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրեր։

Նախարարն ու Ղազախստանի դեսպանը կարևորել են տնտեսական փոխգործակցության խրախուսումն արտահանման ծավալների մեծացման, ապրանքաշրջանառության և մի շարք այլ ուղղություններով:

Նախարարի խոսքով՝ Ղազախստանի հայ համայնքը կարող է ակտիվ դերակատարում ունենալ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ու զարգացման գործում:

Վերջում դեսպան Բոլատ Իմանբաևը նախարարին հրավիրել է նոյեմբերի 23-ին Երևանում Հայաստանի և Ղազախստանի անկախության 30-ամյակին նվիրված համերգին։

«Մշակույթը, երաժշտությունը, արվեստն այն ամուր կապերն են, որոնք միավորում են մեր ժողովուրդներին և երկրներին»,-ընդգծել է դեսպանը։

 

Լրահոս

Դիտել ավելին