Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը և Իտալիայի հարկային ծառայությունը քննարկումներ են ունեցել «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում

25 Հոկտեմբեր, 2021 16:51
ՊԵԿ-ը և Իտալիայի հարկային ծառայությունը քննարկումներ են ունեցել  «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում
Պետական եկամուտների կոմիտեում «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել երկօրյա հանդիպում Իտալիայի հարկային ծառայության ներկայացուցչի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետի և ՊԵԿ աշխատանքային խմբի միջև՝ քննարկելու տրանսֆերային գնագոյացման և քրեական հետաքննության ոլորտներում իրականացված ծրագրերը։

Ներկայացվել են քրեական ոլորտում հարկային խարդախությունների դեմ պայքարի բարելավման հետ կապված Իտալիայում գործող ռազմավարությունը և Իտալիայի հարկային ծառայության կողմից ՊԵԿ համար մշակված տրանսֆերային գնագոյացման ստուգումների իրականացման ձեռնարկը:

Ամփոփվել են Հայաստանի և Իտալիայի միջև երկու ոլորտներում իրականացված աշխատանքներն, ու քննարկվել է նոր ուղղություններով գործակցելու հեռանկարը:

Քրեորեն պատժելի հարկային խարդախությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՏՀԶԿ փորձագետն առաջարկել է ընդլայնել «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակները և ոլորտային դասընթացներ կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների համար: Նախատեսվում է դասընթացները կազմակերպել ՏՀԶԿ-ի և Գերմանիայում ԱՄՆ կցորդի աջակցությամբ: 

Իտալիայի հարկային ծառայության հետ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համագործակցությունը մեկնարկել է 2019թ. մայիսի 21-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Երկու կառույցներում ձևավորված ոլորտային աշխատանքային խմբերը համատեղ աշխատել են՝ քրեական հետաքննության, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հարկային հսկողական գործընթացների ֆունկցիոնալ բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին