Կարևոր իրադարձություններ

Թուրքական լիրան ռեկորդային ցածր փոխարժեք է գրանցել Էրդողանի հայտարարություններից հետո

25 Հոկտեմբեր, 2021 10:28
Թուրքական լիրան ռեկորդային ցածր փոխարժեք է գրանցել Էրդողանի հայտարարություններից հետո

Թուրքական լիրան ռեկորդային ցածր փոխարժեք է գրանցել դոլարի նկատմամբ այն բանից հետո, երբ երկրի նախագահը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել ԱՄՆ-ի և ևս 9 երկրների դեսպաններին։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ շաբաթ և կիրակի օրերին լիրան 1,6%-ով արժեզրկվել է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդների կարծիքով՝ դեսպաններին արտաքսելու կոչը նրա կողմից փորձ է՝ շեղելու ուշադրությունը Թուրքիայի տնտեսական ծանր դրությունից։

VOA-ի փոխանցմամբ՝ Նիդերլանդները, Դանիան և Նորվեգիան հայտարարություններ են տարածել՝ նշելով, որ հանձնառու են պաշտպանել մարդու իրավունքները Թուրքիայում։ ԱՄՆ-ն և Գերմանիան էլ նշել են, որ պարզաբանման են սպասում։

Նշված երկրներն այն 10 երկրների ցանկում են, որոնց դեսպաններին Էրդողանը ցանկանում է արտաքսել։ Դեսպաններից ոչ մեկը, սակայն, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել։

Հիշեցնենք՝ արևմտյան 10 երկրներ Թուրքիային կոչ էին արել ազատ արձակել իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալային, ով մեղադրվում է 2013-ի համազգային բողոքի ակցիաների ֆինանսավորման և 2016 թ.-ի ձախողված պետական հեղաշրջմանը մասնակցելու մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին